Կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք․ անձնագրային համակարգում փոփոխություններ կլինեն

Տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով...
andznagrayiin

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական՝ բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի` վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

— մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի` տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով,
— տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում,
— լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին),
— արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով:

*

*