Քարտեզից դուրս՝ զոհված զինծառայողի հետքերով. hetq.am

Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում է բնակվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը։

hetq.am — Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում է բնակվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը՝ մայրը, 2 անչափահաս քույրերը, կինն ու 2 որդիները։

Բավականին շատ ժամանակ պահանջվեց Հայկավան հասնելու համար: Երկար, քարքարոտ, երբեմն անանցանելի թվացող ճանապարհն, ի վերջո, մեզ հասցրեց հերոսի գյուղը, որտեղ, բնակիչների խոսքերով, ընդամենը 7 ընտանիք է ապրում: Չնայած նրան, որ Գրիգորյանների տունը գյուղի սկզբնամասում էր, քարուքանդ ճանապարհի անհարմարությունների պատճառով ստիպված էինք որոշակի տարածություն ոտքով բարձրանալ։ Այստեղ մեզ կարծես երկար էին սպասել: Անդրանիկի հյուրընկալ ընտանիքի անդամներն ընդառաջ եկան և հրավիրեցին մեզ իրենց կիսաքանդ տնակը: Տուն մտնելուն պես երևաց Անդրանիկի անկյունը՝ նկարը, մեդալներն ու Հայաստանի դրոշը:

Մայրը՝ տիկին Զինան, կարոտով  պատմում էր որդու անցած ուղու մասին. «Անդրեյս ուրիշ էր, ինքը միշտ աշխատել ա, ես իրան պառկած չեմ հիշում: Փոքր տարիքից սկսեց աշխատել, որ մեզ պահի»:

Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ Անդրանիկը 8-ամյա կրթություն ստանալուց հետո թողել է դպրոցն ու աշխատել՝ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության:

«Օրենքով իրեն բանակ չպիտի տանեին. ինքը էստեղ ընկել էր սնարյադի վրա, ոտքը վիրավորվել էր, բայց գնացել, իր ձեռքով դիմում էր գրել, որ տանեին բանակ»,- արցունքն աչքերին շարունակում է մայրը: Պայմանագիրն ավարտվելու էր այս տարվա հունիսին, բայց որոշել էր անպայման շարունակել ծառայությունը: «Ես միշտ ասում էի՝ պոստեր մի գնա, էլի ծառայի, բայց էնպես արա՝ պոստեր չգնաս, կամ գնանք՝ Երևան աշխատի, ինձ չէր լսում»,- պատմում է Նինան՝ Անդրանիկի 19-ամյա կինը:

Ապրիլյան օրերին ընտանիքն անդադար որոնումների մեջ էր: Անդրանիկից ոչ մի նորություն չկար: Ապրիլի 10-ին տեղեկացան, որ նրա մարմինը թշնամին փոխանցել է հայկական կողմին: Անդրանիկը զոհվել էր ապրիլի 2-ին Վարազաթմբի (Լելե թեփե) բարձունքը պաշտպանելիս: Տիկին Զինան անձամբ էր գնացել ճանաչելու որդու խոշտանգված մարմինը.

«Էն, ինչ ես տեսա, թող էլ ո՛չ մի մայր չտեսնի: Ինձ ապրելու ուժ են տալիս Անդրեյիս որդիներն ու իր կիսատ թողած նպատակները: Ինձ ուժ ա տալիս նաև էն, որ տղես զոհվեց հանուն հայրենիքի… Իր ընտրությունն էր դա…»:

Շարունակությունն՝ այստեղ

*

*