Չնահանջեցին, գնացին մինչեւ վերջ․ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրը նշում են մեծ շուքով, բայց առանց հոբելյարի

«Իրենք 4 հոգով են եղել, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան իրենք միասին են եղել ու որ ասել են նահանջեք, չեն նահանաջել մինչեւ վերջ գնացել են»:

Տարուց ավելի զարմիկին չտեսնելու դժվարությունը փոքրիկ Նարեն այսպես է հաղթահարում: Պատերազմի մասին պատկերացումները դեռ մանկական են, բայց այն, որ այդ բառերն արտասանելիս իր հարազատներից շատերի աչքերում են արցունքներ հայտնվում, վաղուց է նկատել: Մի փոքր չափազանցnում է, բայց ինքն էլ է շատերի նման այս թիվը հպարտությամբ արտաբերում:

«Ասում են ,որ Անդրանիկը 100 թուրք է սպանել»:

Եթե չլիներ 2016-ի ապրիլը այսօր Զոհրաբյանները էլի հարազատներով շրջապատված կլինեին, հավանաբար տանը կհավաքվեին ու իրենց միակ որդու 21-ամյակը կնշեին: Արդեն երկրորդ տարին է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրը նշում են մեծ շուքով , բայց առանց հոբելյարի: Անդրանիկի մայրը որդու մասին դժվարանում է խոսել, ասելիքը մտքում է պահում, բառերը չեն հերիքում:

Ինքը բնավորությամբ հանգիստ էր , համբերատար էր, զիջող էր, երբեք չէր սիրում, որ իր պատճառով որեւէ մեկի վրա խոսեին, ամեն ինչ վերցնում էր իր վրա:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարեւոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետը պահելու համար կապիտան Արմենակ Ուրֆանյանին ու Քյարամ Սլոյանին կորցնելուց հետո Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը հակառակորդի հարվածներն իրենց վրա են վերցնում: Մի քանի ժամ կռիվ տալուց հետո վիրավորվում է նաեւ Անդրանիկը, Ռոբերտը վիրավոր ընկերոջը ապահով տեղ է հասցնում ու շարունակում մարտը:

Անդրանիկի մասին անցյալով չեն խոսում: Քույրն ասում է` ամեն ինչի հարմարվում էր: Ննջասենյակ չուներ, տեղավորվել էր հյուրասենյակի այս հատվածում: Բանակ ճանապարհելու առաջին օրվանից մինչեւ հիմա սենյակում ամեն ինչ նույն է մնացել՝ ավելացել են միայն նկարներն ու պարգեւները:

Մինչ Սաթենիկը եղբոր անձանական իրերն է ցույց տալիս, Սեւակը մի բացահայտում էլ արեց՝ ինքն ու Անդրանիկն անգամ նույն օրացույցն են պահել: Ավիացիոն ինստիտուտի երկրորդ կուրսի կուրսանտ Սեւակն Անդրանիկի մասին ապրիլին է լսել: Այդ ժամանակ ինքն էլ չգիտեր, որ մի քանի ամիս անց ինքը կլինի այն կուրսանտներից մեկը, ովքեր պիտի կապ հաստատեին ապրիլին զոհված տղաների հարազատների հետ ու փորձեին օգնել ինչով կարող են: Հիմա Զոհրաբյանները Սեւակի երկրորդ ընտանիքն են դարձել , ինքն էլ նրանց երկրորդ տղան: Հատուկ օրերին ու արձակուրդի ժամանակ մինչ տուն հասնելը Վեդի է գալիս:

«Սկզբից ամաչում էի, մի քիչ ավելի պաշտոնական, բայց հետո արդեն հարազատանք: Կարելի է ասել ծնող են»:

Հարազատ որդու պես էլ Զոհրաբյանները ցավում են նաեւ Ռոբերտ Աբաջյանի կորստի համար: Տան ամենապատվավոր անկյունում Անդրանիկի ու Ռոբերտի ընդհանուր նկարն է: Չեն կարող մոռանալ 19-ամյա Ռոբերտը վիրավոր ընկերոջը փրկելու համար, կրակոցներն անտեսել ու ապահով տեղ է հասցրել: Հարազատների համոզմամբ տղաները Քյարամ Սլոյանի, իրենց հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ կյանքի գնով հակառակորդի համար փակեցին Մարտակերտ տանող ճանապարհը: Վստահեցնում են՝ տղաներին նվիրված միջոցառումների ժամանակ միշտ երկնքում արծիվներ են հայտնվում:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*