Այսօր Անառակի կիրակին է

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի
anaraki-kiraki

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան:

Ինչպես տեղեկանում ենք Qahana.am կայքից, Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:

Հայտնվելով դժվար դրության մեջ՝ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ։

*

*