«Ամուր թիկունք` հզոր բանակ» ծրագրի շրջանակներում «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամներն այցելել են Արցախի զորամասեր

Կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը հավաստիացնում է՝ անելու են ամեն ինչ հանուն հայ զինվորի

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը ավանդույթի համաձայն արդեն 3 տարի է իր կազմավորման օրը նշում է Արցախի զորամասերում: Նպատակ ունենալով զինվորներին փոքր-ինչ կտրել հագեցած առօրյայից, այս անգամ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում կազմակերպության մի շարք անդամներ եղան ԱՀ 4 զորամասերում, ռազմահայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ խրախուսեցին լավագույն զինվորներին:

Շնորհակալագրեր ստացան նաև մի քանի բարձրաստիճան զինվորականներ ՀԿ-ի հետ փոխադարձ համագործակցության համար: Կազմակերպությունն ավելի վաղ իրականացրել էր դրամահավաք, որի միջոցով զինվորներին էր հասել ջրի ուսապարկեր: Այս անգամ էլ հետախուզական մի քանի ստորաբաժանումներ ստացան ջրի ուսապարկեր:

Զինվորների գործն ավելի դյուրին դարձնելու նպատակով գնվել էր տեսահսկման սարքավորում՝ մշտական դիտարկումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նվիրատվության կարգով զորամասերին է հանձնվել նաև գնդակներ և սպորտային շապիկներ սպորտմասսայական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար, հեռադիտակներ և այլ օժանդակ օգնություն սննդամթերքի և քաղցրավենիքի տեսքով: Կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը հավաստիացնում է՝ միշտ հավատարիմ են մնալու իրենց ՀԿ-ի անվանը և իրենց ուժերի ներածին չափով անելու են ամեն ինչ հանուն հայ զինվորի:

*

*