Երևանում երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել
ert,-amulsar

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում հանրությանը միանալ Երևանում կայանալիք երթին՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

«Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Լիդիանի» հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Հանրությանը կոչ ենք անում սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին»,- նշված է հայտարարության մեջ:

*

*