Ամուլսարի հանքավայրի ծրագրով ներդրվելու է բնապահպանական ապահովագրության համակարգ

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ամուլսարի ծրագրի շուրջ առկա բողոքներին
arcvik

Ամուլսարի հանքավայրի ծրագրով ներդրվելու է բնապահպանական ապահովագրության համակարգ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ծրագրի շուրջ առկա բողոքներին:

«Երբ նախարարից պահանջում են փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, դրա համար օրենքը նախատեսում է հիմքեր: Ես խնդրել եմ՝ տվեք հիմքերը: Քանի դեռ չկան հիմքերը, որևէ նման թեմա քննարկել նշանակում է վտանգել ցանկացած ծրագիր: Այս ծրագրի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն ու քննադատություն, ես խնդրել եմ, որ զուգահեռ ուղեկցվի այլընտրանքային ծրագրով, այդ թվում՝ նկատի առնելով բնապահպանության բոլոր խնդիրները: Գտնում եմ, որ ցանկացած բնապահպանական հետևանք պետք է ապահովագրված լինի»,-  ասաց նախարարը՝ հավելելով, որ այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում տեղեկացվել է, որ առկա է: Մինասյանը նշեց, որ խնդրել ծրագիրն իրականացնողներին, որպեսզի ապահովագրման ամբողջական համակարգը մանրամասն հրապարակվի, այդ թվում՝ նաև հասարակական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ: Ըստ Մինասյանի, հանքավայրը շահագործողները ցանկացած ռիսկ ու հետևանք ապահովագրելու են:

«Ապահովագրվելու է երրորդ անձանց պատճառված ցանկացած վնաս: Երրորդ անձ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը: Ջերմուկը՝ որպես համայնք ապահովագրվում է, Ջերմուկի բնակիչները՝ որպես քաղաքացիներ, նրանց պատճառված վնասը ապահովագրվում է»,- ասաց  նախարարը:

Հարցին, թե մյուս հանքավայրերի մասով գործո՞ւմ է ապահովագրություն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հատուկ ուշադրության տակ չի վերցրել մյուս հանքերը, բայց որպես բնապահպանության մեջ նոր մոտեցում՝ իրենք առաջ են քաշել բնապահպանական ռիսկերի ամբողջական ապահովագրման՝ օրենքով երաշխավորման համակարգի ներդրումը:

*

*