Զգուշացում. ամառային արձակուրդներին երեխաների շրջանում վնասվածքների դեպքերն ավելանում են

Մասնագետները հորդորում են ավելի ուշադիր լինել՝ դսահմանափակելով երեխաների ֆիզիկական ակտիվությունը։
erekhaner-amar

Ամառային արձակուրդների մեկնարկի հետ միասին ավելանում է երեխաների և դեռահասների ազատ ժամանակը, սակայն նվազում է նրանց ֆիզիկական ակտիվությունը, քանի որ այժմ երեխաներն ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում են հեռախոսային և համակարգչային խաղերին:

Ժամանակակից վիրտուալ խաղերի առաջացրած ֆիզիկական և հոգեբանական վտանգների մասին էին այսօր խոսում ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, հոգեբան Արմինե Փաշայանը և մանկական օրթոպետ-վնասվածքաբան Արարատ Նազանյանը: Ակնաբույժը նկատում է, որ վերջին տարիներին երեխաների մոտ գրանցվում է տեսողական խնդիրների աճ, ինչը հեռախոսի և համակարգչի առջև երկար նստելու հետևանք է:

Համակարգչի առջև մշտապես գտնվելը հանգեցնում է կարճատեսության և աչքի չորության: Մասնագետը խորհուրդ է տալիս հաճախ թրջել աչքերը արհեստական արցունքով:

Մանկական օրթոպետ-վնասվածքաբան Արարատ Նազանյանն անթույլատրելի է համարում կես ժամից ավել համակարգչի առջև գտնվելը, իսկ նստելիս պետք է ծնկային և արմնկային հոդերը գտնվեն 90 աստիճան անկյան տակ, ողնաշարը լինի ուղիղ և արևի ճառագայթները չընկնեն համակարգչի էկրանին:

Վնասվածքաբանը ծնողներին հորդորում է ամռան ամիսներին ավելացնել վերահսկողությունը երեխաների նկատմամաբ, քանի որ բակում խաղալիս՝ նրանք հաճախ ընտրում են վտանգավոր խաղեր, ինչի հետևանքով էլ զգալիորեն ավելացել են վնասվածքների դեպքերը երեխաների շրջանում:

Հոգեբանական տեսակետից մեծ վտանգ է ներկայացնում այն, որ դեռևս շփման հմտություններ չունեցող երեխան համակարգչային խաղերի պատճառով մեկուսանում է արտաքին աշխարհից: Վիրտուալ խաղերը երեխայի մոտ ստեղծում են ծնողական անվերահսկողության պատրանք, իրական աշխարհը նրանց համար դառնում է ձանձրալի: Հոգեբանը ծնողներին հորդորում է՝ սեփական օրինակով երեխաներին հեռու պահել վիրտուալ աշխարհից:

*

*