Ամանորյա մաղթանքներ՝ հայ մեծերից

Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի...
saryan-isahakyan-sevak1 (1)

Համո Սահյան

Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար:Ուզում եմ հետ նայել, հետ գնալ, վերապրել անցածը, մեկ տարվա անցածը։ Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի փետրվարյան խիստ ու խելոք ընդվզումների համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության եւ միաբանության նրա աստեղային ժամի համար, իր ինքնաճանաչման գիտակցությունը դարի ճակատին արձանագրելու համար, իր երդաշեն վաստակի եւ երդանվեր ոգու համար, կորցրածը ետ բերելու իր առաջին հանդուգն փորձի համար:

Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա եւ մարդկության մեջ՝ մարդկայնություն: Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՜ր Նոր տարի։

1988թ. դեկտեմբերի 31

Պարույր Սևակ

1963 թվականի դեկտեմբերի 31-ին սփյուռքահայության համար եթեր հեռարձակված շնորհավորանքի խոսքից

Սիրելի՛ ազգակիցներ,

Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:

Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:

Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար` աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:

Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան։

Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:

Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը` որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…

Մարտիրոս Սարյան

Հայ մարդը միշտ Նոր տարին դիմավորելիս գինու բաժակը առել է ձեռքը, շշնջացել է՝ խաղաղություն աշխարհին։ Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել։ Դարեր շարունակ Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղիներում ընկած Հայաստանն ասպատկվել է, ավերվել, բաժանվել հզորների միջև, բայց, երբ հայ ժողովուրդը խաղաղության կարճատև պահեր է ունեցել, ստեղծագործել է, կերտել արվեստի հրաշքներ, մարդակային մշակույթն ու քաղաքակրթությունը հարստացրել յուր հոգու գեղեցկություններով։

1966 թվականի հունվարի 1

Երվանդ Քոչար

Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անելը շատ դյուրին բան է, քանի որ մարդանց սրտերում մի իղձ և ցանկություն կա, եթե միլիոնավոր հայերին խնդրենք իրենց սրտի մաղթանքը անեն 1967 թվականին, բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն՝ «Թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը»։ Այո′, չարը կորչի և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլ բոլոր մարդկության սրտերում, աշխարհից վերանան թշնամությունը, ատելությունը և պատերազմը։

1966 թվականի դեկտեմբեր

Դերենիկ Դեմիրճյան    

«Նոր տարվա խոհեր», 1956 թ., հունվարի 1

Հին տարին արդեն պատկանում է անցյալին։ Լսվում են նոր տարվա ոտնաձայները։ Գալիս է։ Ահա իրար կհանդիպեն հինն ու նորը, որ հրաժեշտ տան իրար։

Չգիտես ո՞ր կողմը, որի՞ն նայես: Նայում ես գնացողին և ժպտում: Այդ ժպիտի մեջ կա և′ երախտագիտություն, և′ քննադատական մտքեր, և′ ափսոսանք, և′ ներողամտություն: Նայում ես նրա կռացած մեջքին, տեսնում ես նրա խոհուն հայացքը և հասկանում ես նրան:

Նա խրատվել է, իմաստնացել: Նա գիտե, թե ինչ է արել և ինչ է թողել պակաս: Կուզեր լրացնել, շտկել, այդ էլ անել: Բայց… արդեն ուշ է:

Անցածն անցել է: Պետք է գնալ:

 ***

Իսկապես, ի՞նչ են հին տարին, նոր տարին։ Չկա հին տարին, այդ արծաթահեր կորամեջք ծերունին։ Չկա նոր տարին, այդ առույգ, ուրախ երեխան։ Դրանք մեր պատկերացումներն են, մեր այլաբանությունը, մեր երևակայությունը։ Մենք ենք հնարել ժամանակի չափերը։ Մենք ենք շինում ժամացույցները։ Մենք ենք չափողը, չափում ենք մեր շարժումները, քայլերը, վարմունքները, գործերը։ Մենք մեզ ենք չափում։ Մենք ենք հին տարին, մենք ենք նոր տարին։ Մեր ձեռքն է մեր բախտը, մեր կյանքի տնօրինությունը, մեր իրականության ստեղծողները, մեր կյանքը փոխողները։ Ջանանք է′լ ավելի լավ, է′լ ավելի շատ, է′լ ավելի գեղեցիկ փոխել, կառուցել մեր կյանքը, այնպես, ինչպես երազում ենք, կամենում ենք, ձեռնարկում ենք։

Ավետիք Իսահակյան 

Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։

Մարդկությունը ուրախանում է. ինչի՞ համար, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ով գիտե ի՞նչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, և շատերս չենք հասնելու, անշուշտ, բայց ուրախանում ենք…

Ի՞նչ բնազդ է…

«Հիշատակարան», 1926թ. դեկտեմբերի 31, Վենետիկ

Հովհաննես Շիրազ

Նոր տարվա հույսերը նման են Նոր տարվա տոնածառին, որոնք այս գիշեր լուսազարդվում են աշխարհի բոլոր տանիքների տակ։ Ուզում եմ հազար սրտով ցանկանալ, որ այդ հույսերը Նոր տարվա տոնածառի նման մի երկու օր լույս տալով՝ դուրս չնետվեն կմախքացած։

*

*