Տոնական միջոցառումների մեկնարկը՝ դեկտեմբերի 19-ին — Երկիր Մեդիա

Տոնական միջոցառումների մեկնարկը՝ դեկտեմբերի 19-ին

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրել է «Նոր տարին Երեւանում-2017» միջոցառումների ծրագիրը:
tonacar hraparak

 

Երեւանի քաղաքապետարանն ամանորյա տոնակատարությունների վրա ծախսելու է 39 միլիոն դրամ՝ նախորդ տարիների համեմատ մոտ 20 միլիոն դրամով քիչ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրել է «Նոր տարին Երեւանում-2017» միջոցառումների ծրագիրը:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում վառվելու են գլխավոր տոնածառի լույսերն ու միացվելու է մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը: Բայց այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ: Բյուջեի կրճատման պատճառով տոնական հիմնական միջոցառումներն այս տարի տեղի են ունենալու Ազատության հրապարակում, որտեղ ձեւավորվելու է հեքիաթային սառցե քաղաք:

Ամանորի գիշերը մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ ժամը 2-ը: Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին: Նվերների փաթեթներ են նախապատրաստված շուրջ 40 հազար երեխաների համար, իսկ 23 հազար ընտանիքի կտրամադրվի պարենային աջակցություն:

4000 երեխա էլ հնարավորություն կունենան թատրոններում ամանորյա ներկայացումներ դիտել: Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում անցկացվելիք տոնական համերգով: Հունվարի 2-5-ը՝ ժամը 11:00-ից 17:00-ն այցելուների համար բաց կլինեն Երեւան քաղաքի պատմության եւ Ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

 

*

*