Ալթունյան․ «Որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ»

Հեպատիտ C-ով վարակված մոտ 1000 հիվանդ այսուհետ բուժում կստանա ժամանակակից ու արդյունավետ դեղերով:
altunyan

«Անցած յոթ ամիսների ընթացքում առողջապահության ոլորտում կատարվել են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան 3-ից 5 տարի անց ունենալ ավելի լավ առողջապահական համակարգ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Առաջիկայում ներդրվելու է բժշկական հաշտարարի ինստիտուտը, որն իրականացնելու է հիվանդ-բժիշկ կամ բուժհաստատություն փոխհարաբերություններում ծագող վեճերի արագ եւ արդյունավետ քննությունը:

Հունիսի վերջին կառավարության հաստատմանը կներկայացվի 612.000 սոցիալապես անապահով բնակչության հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթը, որը կսկսի գործել 2018 թվականից:

Այս տարի նախարարությունը ներդնելու է արգանդի քաղցկեղներից մեկի՝ պապիլոմա վիրուսի կանխարգելման պատվաստանյութը: Մյուս ծրագրով՝ հեպատիտ C-ով վարակված մոտ 1000 հիվանդ այսուհետ բուժում կստանա ժամանակակից ու արդյունավետ դեղերով:

Առողջապահության նախարարությունը նոյեմբեր-դեկտեմբերին տեղայնացնելու եւ ներդնելու է 200 ուղեցույց, որոնք նախեւառաջ ուղղված են լինելու մարզերում առողջապահության մակարդակի բարձրացմանը:

«Գիտեք, որ ակտիվ աշխատում ենք կլինիկական ուղեցույցների եւ պրոտոկոլների ներդրման ուղղությամբ:  Սա մի նախագիծ է, որը նախատեսված է առաջիկա 5 տարվա համար, որովհետեւ ուղեցույցների քանակը ընդհանուր մոտ 1000 է, իսկ Հայաստանի ներուժով տարեկան կկարողանանք թարգմանել, տեղայնացնել եւ ներդնել մոտ 200 ուղեցույց»,-ընդգծեց նախարարը:

Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերը ներառում են նաեւ կառուցվածքային բարեփոխումներ, որոնք ենթադրում են մի քանի բուժհաստատությունների միավորում:

«Որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման եւ առողջապահության որակը: Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ, որոշներն՝ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն մենք կվերապատրաստենք մեր բուժաշխատողերին»,-ներկայացրեց Լեւոն Ալթունյանը:

*

*