Աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան

«Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»
ajakomyan-ghek-meqena

Հայաստանում այս պահին աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ երբ օպտիմալ լուծումը գտնեն, այն կներկայացնեն հանրությանը:

Նրա խոսքով՝ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման ուղղությամբ համակարգային լուծումներ գտնելու դեպքում տրանսպորտային համակարգը կբարելավվի: «Այդ հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի: Տեսեք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք»,— ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը էժանանան՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, որը 2020 թվականին կմտնի ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»: Հարցին՝ արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի՞ դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեկ այդ թեմայով մանրամասն պարզաբանում էր տարածել։

*

*