18 տարին լրացած, բայց դեռ դպրոցում սովորող զինակոչիկները տարկետման իրավունք կստանան

Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի այն:
aj-shenq

Ազգային ժողով է ներկայացվել պաշտպանության նախարարության՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը, ըստ նախագծի, կազատվի պարտադիր զինվորական  ծառայությունից:

Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի այն:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործող օրենքով զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող տղաները զորակոչվում են ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Իսկ փոփոխության դեպքում, նրանք ամբողջովին պետք է ազատվեն զինծառայությունից:

Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ 18 տարին լրացած, բայց դեռ դպրոցում սովորող զինակոչիկները, կառավարության որոշմամբ, տարկետման իրավունք կստանան եւ բանակ կգնան միայն դպրոցն ավարտելուց հետո:  «Զինապարտության մասին» նոր օրենքում այս փոփոխությունը, փոխնախարարի դիտարկմամբ, առավել կարեւոր է դրսից Հայաստան վերադարձած եւ ուսումը շարունակող աշակերտների համար:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*