Խորհրդարանում քննարկվել է «հարևանի ճաշի ուժեղ հոտը»

Հարևանային հարաբերություններին կտրվի իրավական կարգավորում

Այսօր Ազգային ժողովի նիստին քննարկվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքում բացակայում է իրավահարաբերությունների մի ամբողջ գլուխ, որն առնչվում է հարևանային վեճերին:

«Այն, որ մենք այստեղ խնդիր ունենք, շատ բաց հարցեր կան, որոնք իրենց օրենսդրական կարգավորումները չեն ստացել, վկայում է նաև մեր դատական պրակտիկան: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ դատարաններում քիչ չեն այն հարցերը, որոնք վերաբերում են հարևանների միջև կենցաղային վեճերին: Նման վեճերի օրինակներ են՝ հարևանների ծառերի ճյուղերի ներթափանցումը մյուս հարևան տարածք, մյուս հարևանի ճաշի ուժեղ հոտերի, գոլորշու ազդեցությունը և այլն: Մի կողմից մեզ համար պրիմիտիվ է թվում այս ամենը, բայց պրակտիկայում շատ են այսպիսի օրինակները, որոնց դեպքում չկա հստակ օրենսդրական կարգավորում»,- նշեց փոխնախարարը:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ մեր մենթալիտետի առանձնահատկություները ենթադրում են, որ հարևանային վեճերը չպետք է քննարկվեն իրավական հարթությունում, մինչդեռ այս կարգավորումները հնարավորություն կտան նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց օրենքն անմիջապես ուժի մեջ չմտցնել. «Պետք է որոշակի ժամանակ տրվի, որպեսզի սրա ուղղությամբ լուսաբանման աշխատանքներ տարվեն, այլ ոչ թե փորձի և սխալի մեթոդով սովորեն այս իրավահարաբերությունները»,- ասաց պատգամավորը, ում առաջարկին դրական արձագանքեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս նախագծով հստակեցվում է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվում են ջրօգտագործման կանոնների, հարևան հողամասերի վիճելի սահմանների և սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ կարգավորումներ և այլն:

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*