Քննարկվեցին աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման տարբերակները

Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին...
aj-ghek-qnnarkum2 (1)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև։

Քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսական զարգացման և ներդրումների, արտակարգ իրավիճակների նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի և ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին՝

  1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
  2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,
  3. ներմուծել որպես պահեստամաս:

Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը  և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։

Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։

Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

*

*