Վարչապետն ԱԻՆ-ից ժամանակակից եւ խելացի կառավարում է ակնկալում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր հյուրընկալել էին վարչապետ Կարեն Կարապետյանին:
ain-varchapet

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր հյուրընկալել էին վարչապետ Կարեն Կարապետյանին: Գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը զեկուցել է՝ աշխատանքներ են կատարել աղետների ռիսկերն արագ կառավարելու, բնակչությանը տրվող օգնությունն առավել հասանելի դարձնելու, միջազգային կայուն գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ:

Վարչապետը հեռանկարային է համարել նախարարի՝ կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման նախագիծը: Կարապետյանը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը եւ կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը:

«Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», — նշել է վարչապետը:

Կարապետյանի գնահատմամբ արտակարգ իրավիճակները կայացած նախարարություն է, եւ շատ մեծ աշխատանք է կատարել:

«Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է առաջ գնանք, որովհետեւ համեմատական վիճակագրությամբ հակակարկտային համակարգի եւ այսօրվա գործող համակարգի միջեւ սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում,  այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով փորձնական ծրագիրն անելու ենք եւ դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք։ Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից եւ խելացի կառավարում»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*