ԱԻՆ-ն ուղղաթիռի ներգրավմամբ անցկացրել է խոշոր ուսումնավարժություն

Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն․․․

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 12-ին անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով:

Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև առողջապահության նախարարության շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ:

*

*