ԱԻՆ-ում հանդիսավոր արարողությամբ լեյտենանտի կոչում ստացան բարձրագույն կրթություն ունեցողները

Լեյտենանտն էլ մեզ զրույցում նշեց, որ կոչումն իրեն ավելի է պարտավորեցնում եւ քաջալերում է ավելի մեծ բարձունքների հասնելու հարցում:

Նորընծա լեյտենանտ Գեւորգյանն Արտակարգ իրավիճակների նախարարության Արաբկիրի բաժնի թիվ 5 փրկարարական ջոկատի օղակի հրամանատարն է: Արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջին կոչումների շնորհումն ավանդաբար տեղի է ունենում հանդիսավոր արարողությամբ. լեյտենանտի կոչում են ստանում բարձրագույն կրթություն ունեցողներն ու երկար ժամանակ համակարգում աշխատածները: Գործընկերները Գեւորգյանին շնորհավորելիս շեշտում էին, որ ամուսնության կապակցությամբ դա լավագույն նվերն էր նրան:

Լեյտենանտն էլ մեզ զրույցում նշեց, որ կոչումն իրեն ավելի է պարտավորեցնում եւ քաջալերում է ավելի մեծ բարձունքների հասնելու հարցում:
«Գործի դժվարություններից չեմ ուզում խոսել, կխոսեմ հաճելի պահերից, երբ գնում ես մարդկանց մոտ, որ օգնության կարիք ունեն, գնում ես նրանց օգնես եւ ձեզ տեսնելով նրանց աչքին լույս է բացվում, մի ակնթարթ, որ հույսները կորցրած են լինում, նորից հույսով են լցվում եւ կարողանում են հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ միշտ ամեն ինչ լավ է լինում»,- անկեղծանում է ԱԻՆ Արաբկիրի բաժնի թիվ 5 փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Ավագ Գեւորգյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնում է Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի 25-ամյակը։ Նրանց օրացույցի սեպտեմբերի 4-ը կարմիր է: 1988թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի շատ խնդիրներ եւ դարձավ դրա վերկազմավորման եւ երկրում արտակարգ իրավիճակների կառավարման մարմինների ստեղծման հիմնական ազդակը: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն այս տարիների խոշոր ձեռքբերումն է համարում քաղաքում գործող 2010թ-ին ստեղծված ԱԻՆ «Արտակարգ» համակարգը:

«Այսօր մենք ունենք ճգնաժամային կառավարման պետական շատ ճկուն, հզոր, կուռ համակարգ, մենք ունենք փրկարարական հզոր ծառայություն, որը ճանաչված է ամբողջ աշխարհում, որն աշխարհի 33 երկրների հետ միասին INSARAG միջազգային կազմակերպության անդամ է, ինչը նշանակում է, որ զինված է ամենավերջին տեխնոլոգիաներով եւ տեխնիկայով»,- նշում է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Նիկոլայ Գրիգորյանն առանձնացրեց նաեւ սեյսմիկ եւ հիդրոմետ ծառայություններում ունեցած ձեռքբերումները, եւ առանձնակի հպարտությամբ խոսեց «արտակարգ քաղաքում» սայլակից օգտվող հաշմանդամների աշխատանքի եւ ժամանցի համար ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների մասին: Այսօր նախարարությունում աշխատում է սայլակից օգտվող 35 մարդ:

Կոչումաշնորհման արարողությանը հաջորդեց կոլեգիայի հանդիսավոր նիստ, որը վարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նիստի ժամանակ ԱԻՆ լավագույն աշխատակիցները ստացան տարբեր գերաստեսչությունների պարգեւներ: Անպարգեւ չմնաց նաեւ նախարարը. նա արժանացավ «Եռասերունդ երկրապահ» մեդալի:

Լիլիթ Մանասյանը փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ է, շուտով նաեւ կապիտանի կոչում կստանա: ԱԻՆ համակարգում աշխատում է 4 տարի եւ մեծ պատիվ է համարում դա: Արդեն երկրորդ անգամ է շնորհակալագրի արժանանում: Թվում է՝ այս ոլորտում կնոջ ախատանքն այնքան էլ սովորական չէ, բայց Լիլիթը հավաստիացնում է, որ կանայք իրենց գործունեության մեջ չեն զիջում տղամարդկանց:

«Կինն ու փրկարար ծառայությունը երկար ժամանակ է համատեղելի են: Մեզ մոտ շատ կանայք են ծառայում եւ մեծ պատվով են իրենց կոչումը կրում, իրենց ուրույն տեղն ունեն եւ արժանաում են մեր ժողովրդի գովասանքին»,- նշում է Լիլիթ Մանասյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները