ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշություն

«Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով»
mama-erexa-hanrahavaq-hraparak-02-05

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն:

«Կոչ ենք անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝

— մանկահասակ երեխաների թողնել տանը.
— հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.
— հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
— մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար

Հիշեցնում ենք, որ հանրահավաքների, ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական՝ ճայթռուկների, հրավառությունների, ծխագլանակների, ջահերի և այլ միջոցների կիրառումը: Ուստի՝ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, հատկապես՝ մարդկային զանգվածի մեջ գտնվելիս, քանի որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:

Հիշեցնում ենք, որ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:

*

*