Ագրարային համալսարանի պահակները պնդում են, որ շուտով ազատվելու են աշխատանքից

Հարցի առնչությամբ այսօր հանդիպում են ունեցել ԿԳ փոխնախարարի հետ
agrarayin-hamalsaran

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պահակները պնդում են, որ շուտով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարինելու է անվտանգությունն ապահովող ծառայությունը: Նրանց խոսքով, հարցի առնչությամբ այսօր հանդիպում են ունեցել կրթության եւ գիտության փոխնախարարի հետ, ով նրանց ասել է, որ իրավասու չէ զբաղվել խնդրով, սակայն խոստացել է խոսել ռեկտորի պաշտոնակատարի հետ:

Բուհի պահակներին կառավարությունում ընդունել է նաեւ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա տեղեկացել է խնդրի մանրամասներին, ու որոշվել է դիմում-նամակ գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն էլ նշել է, որ բոլոր պահակների աշխատանքից ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Նա ասել է, որ բուհում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Այդ ամենի համատեքստում որոշվել է ստեղծել պահակային ծառայություն, գնահատել, թե որ մասնաշենքում ինչ որակի պահակային ծառայություն է անհրաժեշտ, եւ ինչ չափորոշիչներ են պետք աշխատանքի բնականոն ընթացքի համար:

*

*