Էդվարդ Նալբանդյանի «ռոմանտիկ շնորհավորանքը»՝ Ազնավուրին

«Variety» ամսագիրը հավաքագրել է Շառլ Ազնավուրին ուղղված շնորհավորանքները, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարինը։
aznavur-nalbandyan-hay

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է.

«Սիրելի′ Շարլ,

Երկար ժամանակ է, ինչ գիտենք միմյանց: Ինձ բախտ է վիճակվել տարիներ շարունակ վայելելու քո ընկերությունը: Ես գիտեմ քո գրեթե ողջ երգացանկը, սակայն երբևէ քեզ չեմ ասել, որ ժամանակին ամեն առավոտ իմ օրը սկսում էի հենց այս երգով.

«Le matin je me lève en chantant

Avec des projets plein la tête

Comme si j’allais vivre cent ans …»

Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:

Եվ, եթե համաձայն «CNN»-ի և «Times»-ի հարցումների, դու ճանաչվել ես «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան քեզ հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը քեզ Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար դու այն այցեքարտն ես, որի շնորհիվ է նաև, որ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում։

Հավանաբար ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Այդուհանդերձ, համոզված եմ, որ աշխարհում չկա գեթ մեկ հայ, ով չիմանա, թե ով է Շարլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը։

Սիրելի′ Շարլ, շնորհավորում եմ Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» քո անունով աստղի բացման կապակցությամբ։

*

*