Ընտանիքներին անապահովությունից հանելու համար զբաղվածություն է պետք ապահովել

Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր ուղղեց Արտեմ Ասատրյանին:
aghvan-vardanyan-artem-asatryan

yerkir.am— ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, տեղեկացրեց, որ 2016-ին 367 մլրդ դրամի ծրագրեր է իրականացրել նախարարությունը, որի 95 տոկոսը սոցիալական տրանսֆերներն են։

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Ասատրյանից հետաքրքրվեց`  մեր համակարգը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, սակայն 367 մլրդ-ից աշխատանքի և զբաղվածության ոլորտի համար ծախսվել է ընդամենը 2 մլրդ։

«Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է հիմնականում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։ Բացի դրանից՝ տարիներ շարունակ ասում ենք, որ տեսչական բարեփոխումներ պետք է արվեն, որոնք այդպես էլ չեն արվում։ Կուզեի իմանալ ձեր պատկերացումները տեսչական բարեփոխումների, աշխատողների իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ կառավարության ծրագրում կա նոր աշխատանքային օրենսգիրք ունենալու դրույթը, և հարցրեց` այստեղ փիլիսոփայությունը ո՞րն է լինելու, ի՞նչ նախնական դիտարկումներ կան։

Ի պատասխան Ասատրյանը նշեց.

«Համաձայն եմ դիտարկման հետ, որ պետք է զբաղվածության մասն ավելանա։ Մենք պետք է կարողանանք զբաղվածության ծրագրեր իրականացնել աշխատունակ մարդկանց համար։ Այսինքն, ընտանիքներին անապահովությունից հանել ոչ թե նպաստ վճարելով, այլ նրանց զբաղվածությունն ապահովելով։ Իսկ տեսչական բարեփոխումների հետ կապված հիմնական մոտեցումը, որ հաստատվեց կառավարության կողմից, այն է, որ աշխատանքային հարաբերություններում երկու կողմերի՝ գործատու-աշխատողի միջև, հնարավորինս նվազագույնի հասցվի վարչարարական միջամտությունը»:

Նոր աշխատանքային օրենսգրքի հետ կապված հարցադրմանն էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց.

«Աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, միանշանակ, խնդիրներին պետք է անդրադառնանք, քանի որ այդտեղ էլ որոշակի հարցադրումներ ենք դուրս բերել, այսինքն՝ պետք է լավ հավասարակշռենք այս փոխհարաբերությունները»:

*

*