Վարդանյանը՝ Ասատրյանին. «Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում»

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձագանքեց, որ կենսաթոշակը չեն դիտարկում որպես սոցիալական ծրագիր:
aghvan-vardanyan-artem-asatryan

Yerkir.am- Ասօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում: Միայն ձեր ոլորտը չէ, դրա համար էլ անորոշությունները շատ են: Էական ժամանակ է, որ համակարգը գործում է: Ցուցանիշների, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության մասնակցության չափը, որտե՞ղ են կատարվում ներդրումներն ու ի՞նչ արդյունավետությամբ է կատարվում…

Ունե՞ք հաշվարկ, թե միջին աշխատավարձ ստացող քաղաքացու պարագայում ինչքան գումար է կուտակվել մինչեւ հիմա, եւ տեմպերն ո՞ւր են գնալու, արդյո՞ք ուժի մեջ է 2018 թվականի հուլիսից մասնավոր հատվածի վրա նաեւ տարածելու որոշումը, եւ մեր բյուջեի, տնտեսության այսօրվա վիճակով որքանո՞վ է տրամաբանական տասնյակ միլիարդավոր գումարներ պետությունից, բյուջեից հանել ու տանել այդտեղ: Մի ամբողջական պատկեր է պետք: Նվազագույնը` պատգամավորները պիտի տեղյակ լինեն»,- հետաքրքվեց պատգամավորը:

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձագանքեց, որ կենսաթոշակը չեն դիտարկում որպես սոցիալական ծրագիր, իսկ կենսաթոշակի բաղադրիչի համար յուրաքանչյուրն իր աշխատածի չափով կուտակում պետք է անի:

«Բերեք մի հատ հասկանանք` մենք ի՞նչ ենք ուզում, հետո նոր մշակենք քաղաքականություն: Ես այդպես էլ չեմ հասկանում` կենսաթոշակ վճարելն ինչ է»,- ասաց նա:

Նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ չէր ցանկանում անդրադառնալ խնդրի գաղափարական կողմին, եւ պատգամավորի հարցն էլ, որքանով ինքն է հասկացել, հիմնականում ցուցանիշների մասին է: Նա ասաց, որ իրենք կարող են սոցիալական հարցերի հանձնաժողովին ու պատգամավորներին տրամադրել տեղեկատվություն: Իսկ ֆոնդերի վերաբերյալ Ասատրյանն ասաց, որ այդ գումարները 10 տոկոսից ավելին աշխատել է ՝ որպես ներդրում:

«Դրանք քաղաքացիների անհատական հաշիվներում են արտացոլված, թե յուրաքանչյուրի հաշվին որքան է: Յուրաքանչյուրն իրավունք ունի մտնել իր հաշիվն ու նայել: Նաեւ տարվա մեջ մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ գումարների մեծ մասը ներդրված է Հայաստանում, իսկ մի մասն էլ` միջազգային արժեթղթերում:

*

*