Աղետի գոտու ևս 44 ընտանիք կապահովվի բնակարանով

Դեռևս 500 ընտանիքների խնդիր մնում է չլուծված:
bnakaran

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ըստ այդմ՝ ամրագրվել են ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման հատկացված 458 մլն դրամ հատկացումների հաշվին շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը:

Մասնավորապես, որոշմամբ առաջարկվում է վերը նշված միջոցներից 451 մլն 919 հազ. դրամն ուղղել Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստակամության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Նարեկ Սարգսյանը նշեց, որ 2008 թվականին հաշվառվել է, որ Հայաստանում կա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 5400 ընտանիք, որից 4900-ի խնդիրը լուծվել է այս տարիների ընթացքում. Դեռևս 500 ընտանիքների խնդիր մնում է չլուծված: «Խոսքը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի մասին է»,-  ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ աղետի գոտի հասկացությունը վերացված չէ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ ցավոք այդ հաշվարկներում հաշվի չեն առնված Գյումրի քաղաքում ավերված սեփական տները, որոնք մի քանի հարյուրի են հասնում:

*

*