Մինչեւ 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով. նոր օրենսդրական փաթեթ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Ըստ օրենսդրական փաթեթի՝

Շրջակայքում մինչեւ կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ մտնում է նաեւ ծխախոտի մնացորդ եւ այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:

Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:

Մինչեւ խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների այրումը (այդ թվում տերեւները, կենցաղային թափոնները) բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների /բացառությամբ վերը նշված դեպքերի/ այրում, այդ թվում՝ անվադողերը, ռետինե եւ այլ էլաստիկ նյութեր բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:

Վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաեւ թափոններով աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:

Օրենսդրական փաթեթը պետք է կառավարության հավանությանն արժանանա, որից հետո խորհրդարանում դրվի քվեարկության:

*

*