Հուշ-երեկո՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակից Աղավնի Դանիելյանի հիշատակին

Ստեփանակերտի Դաշնակցության գրասենյակում կազմակերպվել է հուշ-երեկո
aghavni

Այս տարի լրացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, Արցախում Հայ Օգնության Միության կառույցի հիմքերում կանգնած կանանցից մեկի՝ Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակը: Դեկտեմբերի 4-ին Ստեփանակերտի Դաշնակցության գրասենյակում կազմակերպվել է հուշ-երեկո, որին ներկա են եղել նրա հարազատները, համակուրսեցիները, համագյուղացիները, ընկերները:

Աղավնի Դանիելյանը ծնվել է 1959 թվականին Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, այժմ` Վարդաձոր գյուղում, մանկավարժի ընտանիքում: Լինելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի՝ նա պատմություն է դասավանդել, թատերական ներկայացումներ է կազմակերպել, որոնք համագյուղացիները մինչեւ հիմա հիշում են: Աղավնի Դանիելյանի տունը դարձել էր ծանոթ-անծանոթների հյուրընկալ օջախ, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ դրա ընթացքում: Անդամակցել է Դաշնակցությանը, եղել է ՀՅԴ մամուլի տեղեկատվության կենտրոնի Ստեփանակերտի գրասենյակի թղթակից, Գերագույն Խորհրդի մամուլի ծառայության առաջին պատասխանատու: Արցախի համար ճակատագրական պահին Աղավնի Դանիելյանը Երեւանից վերադարձել է Արցախ եւ այնտեղից չի հեռացել մինչեւ 1996 թվականը, երբ դժբախտ պատահարի զոհ է դարձել:

«Ցանկանում ենք ուղերձ հղել մեր երիտասարդ աղջիկներին, թե ինչպիսի հատկանիշներով է օժտված հայ կինը, ով իր կյանքը տվել է իր հայրենիքին….»,- նշել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը։

Աղավնի Դանիելյանի ազգականը՝ Գառնիկ Դանիելյանը նշել է, որ հպարտ է՝ նման հորաքույր ունենալու համար։

«Նրա համար Արցախն ամեն ինչ էր՝ ընտանիք, երեխա, ծնող: Ինքը հիմա ներկա չէ, բայց հոգեպես միշտ մեզ հետ է: Նրա ու նրա նմանների շնորհիվ այսօր ունենք ազատ, անկախ Արցախ»։

 

*

*