Բողոքի ակցիա՝ Աղավնաձորում. բնակիչները փակել են դպրոց տանող ճանապարհը

10 ամիս է սպասում են խաղողի մթերման գումարներին, և հիմա չունեն բավարար գումար իրենց երեխաների համար գրենական պիտույքներ ու հագուստ գնելու:
aghavnadzor
Լուսանկարը՝ tert.am-ի

yerkir.am— Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նախապես էին հայտարարել, որ սեպտեմբերի մեկին նախ իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց, այնուհետև դպրոց տանող փողոցն են փակելու ի նշան բողոքի: Բանն այն է, որ նրանք 10 ամիս է՝ սպասում են խաղողի մթերման գումարներին, և հիմա չունեն բավարար գումար իրենց երեխաների համար գրենական պիտույքներ ու հագուստ գնելու, այդ պատճառով էլ չեն ուղարկելու դպրոց: Բողոքի ակցիան անժամկետ է, և երեխաները դպրոց չեն գնալու, մինչև չտան իրենց պարտք գումարները: Գյուղացիների գրեթե մեծ մասը բազմակի վարկերի տակ են:

«Գյուղում որ մի նշանի մատանի ման գաս, չես ճարի, սաղ բանկերում գրավի տակ դրված ա»,- ասում է գյուղացիներից մեկը: Աղավնաձորի կանայք զայրացած են, թե ինչու պետք է Երևանի դպրոցականները գեղեցիկ հագնված, փուչիկները ձեռքներին գնան դպրոց, իսկ իրենց երեխաները գումար չունենան հագուստ ու գրենական պիտույքներ գնելու:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է, գնում են բանակցություններ և հավանաբար առաջիկայում խնդիրը կլուծվի, սակայն չմանրամասնեց` ինչպես:

Աղավնաձորի գյուղացիները նշում են, որ ճարահատյալ քայլի են դիմում` դպրոց տանող ճանապարհը փակելով: Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը չէր էլ սպասում, որ նման բողոքի ակցիա է կամզմակերպվում, և ներկա պահին դպրոցի ներսում որևէ աշակերտ չկա, չնայած ներկայացել են բոլոր մանկավարժները:

*

*