Աղաբեկյան. «Հակառակորդին հաջողվեց խոցել մի քանի տանկ անօդաչուներով, բայց անգամ այդ դեպքում խուճապ չառաջացավ»

«Իսկ հակառակորդը էշ-էշ հաշվարկել էր հենց խուճապի գործոնը»,- ասում է ԼՂՀ փոխվարչապետը։
artur-aghabekyan

yerkir.am — ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումներն ապրիլի 2-4-ի ռազմական գործողությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում շատ հետաքրքիր էին ԼՂՀ  ՊԲ փոքր ստորաբաժանումների հրամանատարների որոշումները և շարքային կազմի դիմադրողականությունը: Ըստ Արթուր Աղաբեկյանի` առհասարակ, մարտը սկսելու առաջին օրը միշտ նկատելի է լինում խուճապ,  սակայն Աղաբեկյանը հպարտորեն ու ոգևորությամբ նշում է, որ խուճապ չի եղել  ԼՂՀ ՊԲ ո’չ շարքային կազմի, ո’չ էլ հրամանատարության շրջանում:

«Անգամ այն դեպքում, երբ հակառակորդը գործի է դրել բոլոր ստորաբաժանումները, տեղեկատվական գործիքները, բաց հետախուզական դաշտը, նոր տեխնիկան ու սպառազինությունները, որոնք կարող էին նորույթ լինել հրամանատարական կազմի համար, չի եղել խուճապ: Մինչդեռ հակառակորդը հաշվարկած է եղել հենց խուճապի գործոնն, ավելին` դա նրա հիմնական ինտրիգներից մեկն է եղել:

Տեսեք` հակառակորդն օգտագործեց անօդաչու ինքնաոչնչացվող սարքեր, որոնք նորույթ  էին մեր հրամանատարական կազմի համար, և մեր ռազմական կրթության ողջ ընթացքում երբեք ինքնաոչնչացվող անօդաչուների մասին խոսք չի եղել, բայց, միևնույն է, խուճապ չեղավ:

Հակառակորդին հաջողվեց խոցել մեր մի քանի տանկեր այդ անօդաչուների միջոցով, բայց անգամ այդ դեպքում տանկային ստորաբաժանումների մեջ խուճապ չառաջացավ: Գուցե հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ հակառակորդը էշ-էշ հաշվարկել էր հենց խուճապի գործոնը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

*

*