Թալիշների նկատմամբ Ադրբեջանում իրականացվում է ցեղասպանություն

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկում...
talish

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ թալիշ քաղաքական և հասարակական գործիչները ներկայացրեցին Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող բռնությունները: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական ազգային շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ:

Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան կարևորեց հայ և թալիշ ժողովրդների երկխոսությունը:  Նրա խոսքով` երկու ժողովուրդները պետք է ամրապնդեն գիտական, մշակութային համագործակցությունը և այսօրվա կլոր սեղանը ևս մեկ քայլ է հարաբերությունների ամրապնդման համար: Նա ներկայացրեց թալիշական ազգային շարժման հիմնական նպատակն, այն է՝ վերաձևավորել Ադրբեջանն ու հասնել ինքնավարության:

«Թալիշ ժողովրդի ձայնը լսվել է բազմաթիվ երկրների կողմից, չնայած ադրբեջանական իշխանությունների խոչընդոտումներին: Մեր շարժման համախոհներն օր օրի ավելանում են: Ամբողջ ադրբեջանական ժողովուրդը դարձել է ալիևյան ռեժիմի պատանդ»,- ասաց Ալաքրամ Հումմաթզոդանը:

ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը ներկայացրեց թալիշական սփյուռքի խնդիրներն ու ընդգծեց, որ այդ համատեքստում ադրբեջանական իշխանություններն անընդհատ փորձում են իրենց գործողությունները խոչընդոտել: Սակայն վստահեցրեց, որ իրենք ցանկանում են վերականգնել իրենց հայրենիքը և դրանում իրենց ոչ ոք չի խանգարի:

«Եթե այն ժամանակ ԼՂՀ ժողովուրդը չաներ իր ընտրությունը, ապա այսօր նրանք մեզ նման  կտառապեին, հնարավոր է՝ ավելի վատ: Մենք չգնացինք պատերազմի և ի՞նչ ստացանք ի պատասխան, ու՞ր է այդ եղբայրությունը: Այդ առումով ԼՂՀ ժողովուրդը մեզանից խելացի համարվեց: Մաղթում եմ նրանց հաջողություն»,- նշեց «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահը:

Իսմայիլ Շաբանովի ներկայացմամբ` այն տարածքները, որտեղ այժմ ապրում են թալիշներն, ադրբեջանական իշխանությունները պահում են բռնի ուժով, զենքով: Նրա հաղորդմամբ` այնտեղ տեղի է ունենում կենսաբանական պատերազմ:

«Այնտեղ այսօր տեղի է ունենում ցեղասպանություն: Տարբեր տեսակի հիվանդությունների տարածմամբ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են թալիշները պակասում: Դա բնական չէ: Թող չմտածեն, որ այս կերպ վարվելն անպատասխան է մնալու: Մենք օրական հարյուրավոր նամակներ ենք ստանում այնտեղ տիրող իրավիճակների մասին: Այնտեղի իրավապահ մարմիները մասսայական տարածում են թմրանյութեր և զենքեր»,- ընդգծեց Շաբանովը:

Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմի խոսքով` ողջ ադրբեջանական ժողովուրդը դժգոհ է իշխանության ռեժիմից: «Պարզապես նրանք այն փոխելու հնարավորություն չունեն, քանի որ ցանկացած քայլ դժգոհությունը ցույց տալու, նույնիսկ՝ խաղաղ ցույցերը, պատժվում են, մարդիկ ձերբակալվում են: Ես համոզված եմ այս կլանը պետք է լքի իշխանությունը: Դա պարզապես ժամանակի խնդիր է»,- հայտարարեց Զահիրադդին Իբրահիմին:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր հերթին բացառիկ և առանձնահատուկ համարեց  թալիշ հասարակական և քաղաքական գործիչների թե թվաքանակի, թե ազդեցիկության գործակցով կլոր սեղանի կազմակերպումը:

Ոսկանյանի ներկայացմամբ`թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական հունի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև կատարյալ Թալիշստանի կողմնակիցներ: Նա նաև կարևորեց այն, որ թալիշի վերնախավը գնահատում է հայկական ներդրումը թալիշական թե քաղաքական շարժումներում, թե գիտական զարգացումներում: «Երևանն, այն բացառիկ կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության, մշակույթի ուսումնասիրությունը, ինչո՞ւ չէ, նաև կարևոր գործ է արվում թալիշական շարժման ուղղությամբ` թալիշ գործընկերների մասնակցությամբ և ակտիվ ներկայությամբ: Այս իմաստով Հայաստանը, կարծում եմ, կարողանում է իրեն ցույց դնել, որպես տարածաշրջանային գերտերություն և դա ամենևին չափազանցություն չէ, քանի որ կարողանում է որոշակի գործընթացներ կառավարել մեզ համար թշնամական Ադրբեջանական Հանրապետությունում»,- ընդգծեց Ոսկանյանը:

Նրա կարծիքով`հայերը և թալիշները տարածաշրջանում երկու հնագույն ժողովուրդներ են և բոլոր գիտական չափորոշիչներին համաձայն, զանազան փաստարկներով ապացուցվում է, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև թուրքալեզու տարրի հայտնվելը:  Այս դեպքում երկու հինավուրց ժողովուրդները Հարավային Կովկասում, որոնք շատ դեպքերում կիսում են միմյանց ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, երկխոսության, մեկը մյուսին հասկանալու՝ առանց զգացական մոտեցումների:

«Ինչպես տեսաք մեր մասնակիցներն էլ նշեցին Ադրբեջանում թալիշների նկատմամբ վերաբերմունքը տարբեր գնահատականներով՝ ընդհուպ մինչև ցեղասպանության: Կիրառվում են տարբեր արդիական մեթոդներ թալիշական ինքնությունը կազմաքանդելու առումով` նրանց ներուժն օգտագործելու նաև մեր դեմ, քանի որ անհերքելի փաստ է, որ թալիշական բնակչության որոշակի հատված ալիևյան ռեժիմի կողմից օգտագործվում է նաև հայերիս դեմ՝ որպես թնդանոթի միս»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

*

*