Շահին Միրզոև՝ «Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել»

Միրզոեւը աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր:
shahin-mirzoyev

Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված և ժամանակավոր ապաստան հայցած Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը նույնպես մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր  մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնվելն իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր:

«Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,- ասաց նա:

Շահին Միրզոեւի խոսքով՝ Թալիշստանն այսօր ունի նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում:

«Կարելի է ասել՝ այն շրջափակման մեջ է: Թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որևէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն դասագրքեր պահանջելը նշանակում է՝ դառնալ անջատողական ու ազգի թշնամի: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են իրենց թալիշցի լինելու մասին, բանտարկվում են կամ սպանվում: Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազար թալիշ, քանի որ նրանց հետապնդում են: Ավելի քան 2 միլիոն թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել, եւ աշխարհն ուղղակի կողքից հետեւի»,- շեշտեց նա:

*

*