Ամեն անգամ Եռաբլուր գնալիս Ադամի շիրիմի մոտ նոր նամակներ են գտնում

Ապրիլյան ծանրագույն օրերին Ադամի լուսավոր ժպիտն ամենուր էր, նրա անունը՝ շատերի շուրթերին:

Ապրիլյան ծանրագույն օրերին Ադամի լուսավոր ժպիտն ամենուր էր, նրա անունը՝ շատերի շուրթերին:

«Ինձ համար նրա այդ լուսանկարը հատկապես թանկ է նաեւ մի պատճառով, որ ես եմ արել, մենք միասին էինք, ընտանիքով նստած էինք սրճարանում»,- պատմում է Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:

Մայրը որոշել էր՝ իր ֆեյսբուքյան էջում հենց այդ լուսանկարն է մնալու, մինչ Ադամը կավարտեր ծառայությունը: Ծառայությունն Ադամ Սահակյանը հերոսաբար ավարտեց, բայց, ցավոք, տուն չդարձավ:

«Ես կարծում եմ՝ շատերին էր պետք մեր ժամանակի հերոս, եւ ինչպես մյուսները, իմ տղան էլ, ցավոք իրենց կյանքը զոհելով, բայց դարձան մեր ժամանակի հերոս»:

Տիկին Գայանեն դրա վկայությունն ամեն օր է տեսնում՝ շատերը, չճանաչելով իր Ադամին, նրա մասին բանաստեղծություններ ու երգեր են գրում, նամակներ են հղում նրան, հաճախ են այցելում իրենց ու շնորհակալություն հայտնում:

«Դա արդեն օր օրի վրա անսահման կարոտի է վերածվում, որը պետք է տանեմ մինչ կյանքիս վերջ, հասկանում եմ՝ ինչ խաչ ունեմ կրելու, բայց հասարակության, մարդկանց վերաբերմունքն ինձ շատ է սփոփում»:

«Ադամին ճանաչելով ու գնահատելով՝ հասկացել են, որ ինքը էն մարդն է, որը կարող է կառավարի էն դիրքը, որտեղ իրեն տրամադրվում է 8 մարդ»,- պատմում է Ադամի ընկերը:

Սամվելն Ադամի հետ մեկ տարի էլ չի ծառայել, բայց ճանաչել ու շատ է սիրել նրան հատկապես իր տեսակի, մարդկային բարձր արժանիքների համար:

«Ամեն ինչը որ արել է, չի արել ուղղակի, արել է այնպես մտածելով, որ հետագայի համար ինչպես կլինի, չի արել այնպես, որ միայն իր համար լավ լինի, արել է բոլորիս համար, ընկերների համար»,- նշեց նրա ընկերը՝ Սամվել Զեյնալյանը:

Ընկերն ասում է՝ պատահական չէ, որ ծառայության կարճ ժամկետում սերժանտի կոչում էր ստացել: Պատմում է՝ ինչպես էր բարկացել, երբ որոշել էին, որ զորամասում է շարունակելու ծառայությունը, բողոքել էր եւ հաջորդ օրն էլի դիրք էր բարձրացել: Դիրքի ավագն Ադամն էր, երբ հակառակորդն ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը հարձակում գործեց. 9 հոգանոց ջոկատը գրագետ ու ճիշտ մշակված գործողությունների շնորհիվ միայն կարողացավ անհավասար մարտում շուրջ հինգ ժամ չզիջել դիրքն ու կանխել հակառակորդի առաջխաղացումը: Տղաները պայքարեցին մինչեւ վերջին շունչը: Օրեր շարունակ Ադամի անունն անհետ կորածների մեջ էր, ու դա դեռ հույս էր ներշնչում՝ գուցե հրաշք լինի:

«Էնքան պայծառ ու լուսավոր էր ինքը, որ ինձ թվում էր՝ անխոցելի է, պարզապես վերջին օրերին հասկացա, որ կարող է լավ լուր չլսենք: Առաջին երկու օրերին համոզված էի, որ իր հետ ոչինչ չի պատահի»,- պատմում է մայրը:

Վատ լուրն ապրիլի 10-ին լսեցին: Կորստի ցավն անհաղթահարելի է, բայց նաեւ հպարտության մեծ զգացում կա՝ հերոս որդի ունեն, որը շատերին է ոգեշնչում: Ամեն անգամ Եռաբլուր գնալիս Ադամի շիրիմի մոտ նոր նամակներ են գտնում: Դպրոցում, որտեղ 12 տարի սովորել է Ադամը, նրա մեջ առանձնահատուկ տաղանդներ չեն նկատել, համեստությամբ քողարկել է դրանք ու ավելի շուտ աչքի է ընկել իր կազմակերպչական, բոլորին միավորելու, նույնիսկ բարդ բնավորություն ունեցող աշակերտների հետ լեզու գտնելու շնորհքով:

Աննա Պետրոսյանը, որ 5-րդ դասարանից դասավանդել է Ադամին, իսկ ուսաման վերջին երեք տարիներին նրա դասղեկն է եղել, ասում է՝ եթե ինչ-որ պատճառով բարկացած էլ է եղել Ադամի վրա, նա իր ժպիտով կանխել է ցանկացած բարդ խոսակցություն:

«Ունեցել եմ բավականին լավ աշակերտներ, բայց երեւի այս վիճակն էլ մի քիչ ստիպում է՝ ամեն օր մտքերով իր հետ եմ՝ կմտնեմ այս դասարան, թե ոչ: Լսում եմ զինվորի մասին, մտքերով իր հետ եմ, խոսում ենք դասարանի մասին, կրկին իր հետ եմ»,- պատմում է Ադամի դասղեկը:

Լավ զինվոր դաստիրակելու համար 2016թ-ի հոկտեմբերին, Աննա Պետրոսյանը պարգեւատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալի, ասում է՝ դա նախեւառաջ Ադամի, նրա ծնողների եւ հետո նրա բոլոր ուսուցիչների վաստակն է: Ուսուցչուհին հիշում է՝ դպրոցի ավարտական լուսանկարները հենց այս դասարանում են արել: Ափսոս, որ հիմա Ադամը միայն լուսանկարներից է ժպտալու բոլորիս:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*