Աբովյանի համայնքապետարանում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Գրասենյակում ներդրված համակարգը հնարավորություն է տալիս բնակիչներին օգտվել առցանց ծառայություններից, հետեւել դրանց ընթացքին...

Քաղաքացիների սպասարկումը հեշտացնելու եւ որակը բարձրացնելու նպատակով Աբովյանի համայնքապետարանում բացվել է սպասարկման գրասենյակ: Այն աշխատելու է «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով՝ նպաստելով, որ քաղաքացիները սենյակից սենյակ անցնելու փոխարեն մի կետից ստանան իրենց հարցումների պատասխանները:

«Կարելի է ասել՝ սա քաղաքացիներին ծառայություններ մատուցելու մի նոր որակ է. որպեսզի քաղաքացիները տարբեր բաժիններ չգնան, մեկ տեղից իրենց արագ պատասխանում են, ասում են՝ երբ կլինի հարցման պատասխանը»,- ասաց ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակում ներդրված համակարգը հնարավորություն է տալիս բնակիչներին օգտվել առցանց ծառայություններից, հետեւել դրանց ընթացքին, առնցանց դիմել համապատասխան մասնագետներին:

«Չափազանց կարեւոր է, որ տեղական իշխանություններն արդյունավետ սպասարկեն քաղաքացիներին: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ տեղեկատվական համակարգերը՝ մենք ավելի ենք հեշտացնում թե´ քաղաքապետարանի աշխատակիցների, թե´ քաղաքացիների գործը»,- ասաց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան:

Աբովյանը 14-րդ համայնքն է, որտեղ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռությամբ բացվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: 3 համայքներում գրասենյակները հիմնել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ միջազգային 3 կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:

*

*