Հայաստանում 1993-ի ի վեր Ադրբեջանի հետ համագործակցելու համար դատապարտվել է ավելի քան 2 տասնյակ մարդ

...հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել
aats-azgayin-anvtangutyan-tsarayutyun33 (1)

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատվերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը:

«Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,- ասաց նա:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն էլ ավելացրեց, թե իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց:

«Հավաքագրվածների մի մասն էլ ժամանակին հայտնում է ադրբեջանական կողմի հետ ունեցած կապի, գործակցության մասին ու ազատվում է պատասխանատվությունից»,-ասաց Արմեն Քինակցյանը:

Անդրադառնալով հաքերային հարձակումներին՝  Արմեն Քինակցյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

«Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները որևէ նպատակի չեն հասել»,- ասաց Քինակցյանը:

Նրա խոսքով՝ մեծամասամբ հարձակման փորձ է կատարվել Ադրբեջանից և Թուրքիայից:

«Հարձակումները կարող են, օրինակ, Ադրբեջանից չլինել, սակայն նրանք կարող են այլ երկրներում հաքերային խմբեր վարձել»,- հավելեց նա:

Ըստ Քինակցյանի՝ հաքերային հարձակումներն այսօր կարող են ընդհուպ ֆիզիկական վնաս հասցնել մարդուն:

*

*