74 համարի միկրոավտոբուս նստելուց առաջ չմոռանաք աղոթել

Լավագույն դեպքում նա վաղն էլ կնստի ղեկին, երթուղայինի ընթացքն էլ չի ընդհատվի՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ...
74-eruxayin3

Փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Երևան մոլ»-ի հարակից տարածքից նստում եմ 74 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուս և վայրկյաններ անց անհանգստանում՝ կհասնե՞մ արդյոք նպատակային կանգառ:

Վարորդի նյարդային պահվածքը, մի քանի րոպեի ընթացքում բազմաթիվ վթարային իրավիճակների ստեղծումը, նրա կողմից տարածվող ալկոհոլի կասկածելի «բույրը» լավ բան չէր խոստանում…

Խաչմերուկների սխալ շրջանցում, արագության գերազանցում, երթուղայինի զիգզագաձև ընթացք…. Այս ամենի  հետ մեկտեղ վարորդը իր պարտքն էր համարում կյանքի անհաջողությունների համար մեղադրել իջնող-բարձրացող ուղևորներին, գոռալ, հայհոյել, վեճի բռնվել նրանց հետ:

Ուղևորները լուռ հանդուրժում էին, մինչև որ վերջինս հիստերիայի մեջ մոռացավ, որ իր երթուղին Աթոյան փողոցով է անցնում, հանկարծ հիշեց, որ այն վաղուց շրջանցել է, նյարդային հետ ու առաջ անելով՝ մի կերպ գտավ  ճանապարհը:

Այս ամենին շունչս պահած հետևում եմ և հասկանում, որ սա մեր իրականության անբաժանելի մաս է դարձել։ Եթե որպես փոխադրամիջոց ընտրել ենք երթուղային միկրոավտոբուսները (ավտոբուսներն էլ աչքի չեն ընկնում «զուսպ» պահվածքով), ուրեմն «պարտավոր» ենք հանդուրժել ծխի քուլաների մեջ լողացող ռաբիսախառը հնչյունները, հիգիենայի կանոնների մասին վաղուց մոռացած վարորդներին, կեղտաշերտերի մեջ ժպտացող նստարանները և մի քանի ուղևոր էլ տանենք մեր ուսերին բազմած: Առանձին դեպքերում էլ պարզապես  անհրաժեշտ է նյարդերը ձիգ պահել և աղոթել, որ ոչինչ չպատահի:

Այդ օրը մինչև իմ կանգառ հասնելը բարեբախտաբար ոչ մի պատահար չգրանցվեց, բայց չեմ կարող ասել թե ուր հասավ միկրոավտոբուսը և որտեղ մարեց վարորդի անկանոն  հիստերիան:

Լավագույն դեպքում նա վաղն էլ կնստի ղեկին, երթուղայինի ընթացքն էլ չի ընդհատվի՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ…

yerkirmedia.am

*

*