Թիվ 19 պոլիկլինիկայի շուրջ խոսակցությունները չեն դադարում

Պոլիկլինիկայի տնօրենն անդրադարձավ լուրերին այն մասին, որ նա «նալոգ» է ուզում բուժաշխատողներից․․․
19-poliklinika

Թիվ 19 պոլիկլինիկայի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը բարձրաձայնել էր այն խնդիրը, թե բուժհաստատության կոմունալ վճարումներն անում են բուժաշխատողները: Ավելի ուշ որոշ աշխատակիցներ էլ ասել էին, որ տնօրենը ժողով է արել, ստիպողաբար հավաքել կամ անջատել տվել բջջային հեռախոսները եւ սպառնացել: Այդ առիթով պոլիկլինիկա էին այցելել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները:

Պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավագանու անդամների այցի ընթացքում դժգոհություն է հայտնել միայն ակնաբույժը, իսկ մյուսները դրական կարծիքներ են հայտնել, ինչն անտեսվել է եւ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում:

Պոլիկլինիկայի տնօրենն անդրադարձավ նաև լուրերին այն մասին, որ նա «նալոգ» է ուզում բուժաշխատողներից՝ ասելով, որ եթե դա այդպես է, այդ ինչպես եղավ, որ 100 բժշկի առանձնացրել է ու միայն մյուսներից է ուզում: Սարգսյանը նշեց նաև, որ պոլիկլինիկայի ծախսերը և եկամուտներն ամեն տարվա նախահաշիվներով հաստատված հսկվում և համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի հետ:

«Ծախսերի համար նախատեսված տողում չկա հոդված, որտեղ նշված կլինի, թե տնօրենն իրավունք ունի իր նախաձեռնությամբ ինչ-որ ծախս իրականացնել: Չկա նման բան, մենք ոչ  «նալոգ» ենք հավաքում, ոչ էլ կոմունալ վճարումների համար գումար ուզում բուժաշխատողներից»,-ասել է Սարգսյանը:

*

*