Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը, սակայն պահանջը մնում է նույնը

Պոլիկլինիկա էին այցելել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ...
19-poliklinika

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցների՝ տնօրենի հրաժարականի պահանջով գործադուլը կդադարեցվի, սակայն պահանջը նույնն է մնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկներից մեկը:

«Ես մասնակցել եմ գործադուլին: Գործադուլը տևել է 6 օր: Վաղվանից անցնելու ենք մեր գործին, աշխատելու ենք, սակայն պահանջը նույնն է մնում»,-ասաց պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արուսյակ Անիսոնյանն ու հավելեց, որ պատկան մարմինները զբաղվում են այդ գործով:

Աշխատակիցների պահանջը մեկն է՝ գործող տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։ Այսօր՝ հուլիսի 2-ին ավելի վաղ պոլիկլինիկա էին այցելել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք հանդիպեցին ինչպես պոլիկլինիկայի բակում հավաքված աշխատակիցների հետ, այնպես էլ տնօրեն Սամվել Սարգսյանի հետ՝ իր աշխատասենյակում:

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները նշել են, որ պոլիկլինիկայում չարաշահումներ են լինում: Աշխատակիցներից մեկի խոսքով, տնօրենը մեկ օրում նույնիսկ աշխատավարձի բարձրացում է անում: Սամվել Սարգսյանին մեղադրում են նաև իրենցից ամեն ամիս գումար վերցնելու համար: Աշխատակիցներն ասացին նաև, որ ամեն ամիս որոշակի գումար են տվել դրամարկղ:

Գործադուլին մասնակցում էր գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցների մի մասը:

*

*