«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է

...շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ
pn-sahman-iravichak-larvac

1000 դրամների օրենքի շահառուներ կհամարվեն նաև 2015 և 2016 թթ․-ի դեպքերի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները։ Կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու օրենքի նախագծի մասին է, հանրության շրջանում հայտնի է «1000 դրամների մասին օրենք» անվամբ։

Օրենքը տարածվում էր 2017 հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ նրանց հարազատների վրա։ Կառավարությունն ու ՊՆ քննարկել և պարզել են, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։

«Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ Ապրիլյան պատերազմի զոհերը և տուժածներն այս օրենքի շահառու չէին համարվում, և այս որոշմամբ լուծվում է նաև այդ խնդիրը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել է, որ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*