Վրաստանում ընտրություններին մասնակցել է կես միլիոնից ավելի մարդ

Ախալցխայում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրելու իրավունք ունի 3 մլն 440 հազար 123 մարդ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով (12։00) ընտրություններին մասնակցել է 16.5 տոկոսը (567.699 քաղաքացի)։

Վաղ առավոտյան իրենց քաղաքացիական պարտքն են կատարել երկրի հոգևոր ու աշխարհիկ այրերը, քաղաքապետերի ու սակրեբուլոյի՝ քաղաքային խորհրդի թեկնածուները։

Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կատարելով իր քաղաքացիական պարտքը ասել է․«Ինքնակառավարման մարմինները, որ այսօր ենք ընտրում,  պիտի ծառայեն ժողովրդին և կարողանան ստանձնել նրանց խնդիրների լուծումը քաղաքներում և գյուղերում»:

Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, Մարգվելաշվիլին հայտարարել է՝ որ իրեն հատկացված 3 քվեաթերթիկում ընդգծել է 3 տարբեր սուբյեկտ։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Ընտրապայքարը հիմնականում ընթանում է 3 թեկնածուների միջև՝ իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի, ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության թեկնածու, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին հաղորդավար Զալիկո Ուդումաշվիլիի և անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլիի միջև։ Նախընտրական արշավներում նրանք բոլորն էլ  քաղաքի հիմնական խնդիրն են համարել էկոլոգիական վիճակը, խցանումները, տրանսպորտային համակարգի բարելավումը և այլն։

Իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն, կատարելով իր պարտքը, ասել է, որ ընտրել է «կյանքով լի Թբիլիսիի համար»։ Ի դեպ, Կալաձեն նախընտրական շրջանում այցելել էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցի, հանդիպել թբիլիսահայերի հետ։ Նա նշել էր, որ Հավալաբարը, որը հայտնի է որպես հայկական թաղամաս նույնպես մեծ փոփոխությունների է ենթարկվելու։

«Քվեարկեցի Թբիլիսիի առաջընթացի օգտին: Այսօր ժողովուրդն ընտրում է կաշառակերության կամ կարգուկանոնի միջև»,-հայտարարեց քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին։

Նախընտրական շրջանում լարված վիճակ էր Քվեմո-Քարթլիում և Սամցխե-Ջավախեթեիում։ Այսօր բազմաթիվ դիտորդներ են աշխատում տեղում, իշխանությունները ուշադրությամբ են հետևում այս շրջաններին։ Օրեր առաջ Մառնեուլիի ադրբեջանաբնակ Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում էր տեղի ունեցել  «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի վրա, Ջավախեթիի հայաբնակ Գումբուրդո գյուղում ընդհարում էր տեղի ունեցել բնակչության ու ոստիկանների միջև։

Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցխայում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից՝ նշելով, որ ՏԻՄ ընտրություններն անցնում են աննախադեպ խախտումներով։

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, ով ներկայացնում է  «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը,  ասել է՝ Ախալքալաքի ընտրատեղամասեր օգտագործված կնիքներ են բերվել։ Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ընթանում է հիմնականում Սամվել Պետրոսյանի և  իշխող «Վրացական երազանք»-ը  ներկայացնող Յուրա Հունանյանի միջև։

ԳԻՏԱ ԷԼԻԲԵԿՅԱՆ

Թբիլիսի

Հատուկ yerkirmedia.am-ի համար

*

*