Վրաստանի վարչապետին հնարավոր է դատեն՝ նորապսակներին «ապօրինի» նվեր տալու պատճառով

Նորապսակներին նվերը հանձնվել է Կվիրիկաշվիլիի եւ Աջարիայի վարչապետ Զուրաբ Պատարաձեի կողմից՝ Վրաստանի կառավարության անունից:
wedding

Վրաստանում գործող «Արդար ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային միությունը» կասկածի տակ է դրել երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու կողմից Աջարիայում Շուամթոբա տոնակատարության ժամանակ նորապսակներին տրված նվերի օրինականությունը: Գրում է armtimes.com-ը՝ վկայակոչելով apsny.ge-ն:

Աղբյուրը մանրամասնում  է, որ նվերն ուսումնասիրվելու է Վրաստանի պետական աուդիտի ծառայության կողմից:

Խոսքը, ըստ այդմ, գնում է երկու մատանիների մասին, որոնցից մեկը ոսկյա է, մյուսը՝ ոսկյա եւ զարդարված ադամանդներով:

Այս մատանիները Աջարիայի լեռներում նշվող տոնակատարությունների ընթացքում տեղի բնակիչներ հանդիսացող նորապսակներին նվիրել են Կվիրիկաշվիլին եւ Աջարիայի վարչապետ Զուրաբ Պատարաձեն՝ Վրաստանի կառավարության անունից:

Համաձայն Վրաստանում գործող օրենքի, պետական բյուջեով չնախատեսված նվեր (մատանիները նախատեսված չէին բյուջեով) տալը կառավարության անունից՝ համարվում է քրեական հանցագործություն, սակայն, եթե նվերի չափը մեծ չէ 100 լարիից, ապա կազմվում է վարչական խախտման արձանագրություն:

*

*