Վրաստանի հայկական հուշարձաններներն ուսումնասիրող մի շարք անձանց մուտքը Վրաստան արգելվում է

«Վրացու տեսանկյունից մենք վտանգավոր ենք, քանի որ մենք մերկացնում ենք իրենց...»
Vrastan-mutq

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանին Վրաստանի իշխանություններն արգելել են մտնել իրենց երկիր: Այս մասին տեղեկացել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ 10-հոգանոց խմբով, որում հիմնադրամի աշխատակիցներ ու զբոսաշրջիկներ էին, մեկնում էին Վրաստան:

Այս տարի արդեն խմբի մյուս անդամներն են պարզել, որ հարեւան երկրի սահմանն իրենց համար փակ է: Պատճառը, ըստ Սամվել Կարապետյանի, իրենց ուսումնասիրություններն ու հրատարակած գրքերն են, որոնցում ներկայացված են վրացական իշխանությունների կողմից պետական մակարդակով հայկական նյութական մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման դեպքերը:

«Վրացու տեսանկյունից մենք վտանգավոր ենք, քանի որ մենք մերկացնում ենք իրենց, եւ աշխարհով մեկ խայտառակ ենք անելու, որովհետեւ «գող՝ սիրտը դող» վիճակն է, բայց գողը պիտի պատժվի»,- ընգծում է Սամվել Կարապետյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պարզել են, որ եթե ինչ-որ մեկի գործունեությունը որեւէ երկրի համար վտանգավոր է, նրան անժամկետ հռչակում են տվյալ երկրում անցանկալի անձ: Անգամ պետական մակարդակով այս որոշումը փոխել չեն կարող, բայց որոշել են պետական մակարդակով համարժեք պատասխան տալ:

«Ցուցակ եմ ներկայացնելու, բոլոր հեղինակները՝ 30-ից ավելի գիտնականներից մինչեւ ակադեմիկոս Զազա Ալեքսիձեն՝ հայագիտության ամբիոնի վարիչը, որպեսզի նրանք էլ Հայաստան չմտնեն»,- ասում է հիմնադրամի ղեկավարը:

Սամվել Կարապետյանը հիշեցնում է, որ հուշարձաններով զբաղվող շատ մասնագետներ ու նաեւ հոգեւորականներ Վրաստանից գալիս են Հայաստան՝ հատկապես Լոռի՝ փորձելով ապացուցել, թե հայ քաղկեդոնական եկեղեցիները վրացական են: Աղավաղում են նաեւ Վրաստանի հայկական հուշարձանների պատմությունը:

«Գեորգի Գագոշիձեի հրատարակությունը հայագետ Նադյա Չաթլաձեի հետ համատեղ «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» գրքում Սամշվիլդեի մեր 10-րդ դարի արձանագրությունը հրատարակել են որպես 17-րդ դար: Գորիսի շրջանի Դարպաս գյուղի 1237 թվականի արձանագրությունը հրատարակել են որպես 19-րդ դարի»,- մանրամասնում է հուշարձանագետը:

Վերջինիս այս արգելքն առանձնապես չի մտահոգում: Պարզապես Արեւմտյան Հայաստան գնալու համար ստիպված են լինելու ճանապարհը երկրացնել ու անցնել Իրանով: Ասում է՝ միեւնույն է, Վրաստանի հայկական հուշարձաններին վերաբերող աշխատանքները շարունակելու են. անհրաժեշտ լուսանկարներն ու տեղեկությունները կստանան Վրաստանի գործընկերների օգնությամբ: Բայց գրքերում անպայման կնշեն, որ վրացական իշխանությունների արգելքի պատճառով լիարժեք ուսումնասիրության հնարավորություն չեն ունեցել:

Ի դեպ, Վրաստանում անցանկալի անձինք են համարվում նաեւ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ: «Երկիրն մեդիա»-ի նկարահանող խմբերը եւս  մի քանի անգամ արգելքների են հանդիպել հայ-վրացական սահմանին:

*

*