Բացահայտվել է 10 տարի առաջ սպանված վրացի միլիարդատիրոջ գործը

Չի ուշացել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի պատասխանը:
Patarkatsishvili

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը: Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նշվում է նաեւ, որ գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել:

Մեղադրյալներից մեկի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ձայնագրման սարք, որը պատկանում է ներքին գործերի նախարարությանը: Ձայնագրություններից պարզ է դարձել, որ միլիարդատիրոջ սպանության բոլոր հանգամանքները համաձայնեցվել են ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դաթո Ախալայայի հետ: Գործով մեղադրյալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին սպառնում է 16-20 տարվա ազատազրկում:

Բադրի Պատարկացիշվիլին Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը եւ պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու մասնակցել նախագահական ընտրություններին: 2008-ի փետրվարի 12-ին նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը:

Ի դեպ,  չի ուշացել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պատասխանը: «Իմ դեմ նոր աբսուրդային մեղադրանքները կապված են միայն այն բանի հետ, որ Վրաստանում մենք շատ մոտ ենք հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակին: Մեր թեկնածուն՝ Գրիգոլ Վաշաձեն, սոցհարցումներում առաջատար է եւ «Վրացական երազանքի» կրեմլյան շնիկները դրանից հուսահատության մեջ են»,- ֆեյսբուքում գրել է նա:

*

*