«Վրացական երազանք»-ը խորհրդարանում մեծամասնություն կկազմի

Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված թեկնածուները չեն հաղթել շրջաններից եւ ոչ մեկում:
vrastan-khorhrdaran

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստացավ խորհրդարանում, ինչը լրացուցիչ լիազորություններ է ընձեռում կուսակցությանը, այդ թվում՝ թույլ է տալիս ընդունել օրենքներ՝ այդ գործընթացներում չներգրավելով խորհրդարան մտած մյուս կուսակցություններին:

Նախօրեին Վրաստանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այն անցկացվել է միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում ոչ մի թեկնածու չէր կարողացել հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը:

Այսպիսով, 50 միամանդատ ընտրատարածքներից 48-ում հաղթել են «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ մյուս 2 շրջանում հաղթել են անկախ թեկնածուները: Մինչդեռ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված թեկնածուները չեն հաղթել շրջաններից եւ ոչ մեկում:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառը ընտրական համակարգով: Ըստ այդմ՝ 77 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներում: Կուսակցական ցուցակներով «Վրացական երազանքը» ստացել էր 44 տեղ:

*

*