Վերին Լարսի հատվածում ավտոճանապարհը պետք է ընդլայնվի

Ռուս-վրացական սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ մեծացել է...
verin-lars

Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետի հատվածում ավտոճանապարհն ընդլայնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

Հուլիսի վերջից ռուս-վրացական սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ մեծացել է, արդյունքում ավտոմեքենաների հերթը ձգվում է կիլոմետրերով, իսկ սպասելու ժամանակը կազմում է ավելի քան 12 ժամ:

Վյաչեսլավ Բիտարովը նշել է, որ չնայած իրենք անում են հնարավորը՝ իրավիճակը պահանջում է արմատական քայլեր դաշնային իշխանության մարմինների կողմից:

Sputnik գործակալությունը կապ է հաստատել նաև Ռուսաստանի և Վրաստանի պատկան մարմինների հետ՝ պարզելու վերջին օրերին Վերին Լարսում խցանման մեջ հայտնված ավտոմեքենաներից մեկի ուղևոր կնոջ մահվան մասին լուրի իսկությունը: Կողմերը չեն հաստատել լուրը և նշել, որ իրենց տարածքում նման դեպք չի գրանցվել:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Հյուսիսային Օսիայում ավելի քան 500 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել: Նրանց մեջ կան նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Իրադրությունը բարդացնում է 40 աստիճան շոգը, որն ավելի ծանր են տանում ծերերը:

*

*