«Թուրքիայում վարչապետն ավելի քիչ կարեւորություն կունենա, քանի որ վերածվել է նախագահի քարտուղարի»

Էրդողանը քայլ առաջ կատարեց՝ երկրում կառավարման նախագահական համակարգ հաստատելու ուղղությամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլ առաջ կատարեց՝ երկրում կառավարման նախագահական համակարգ հաստատելու ուղղությամբ: Նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն խոստացել է աջակցել Էրդողանին՝ սահմանադրական համապատասխան փոփոխություններն իրականացնելու հարցում:

Տրանսպորտի նախկին նախարար Յըլդըրըմը մայիսի 22-ին ընտրվեց Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում, թուրքական օրենքների համաձայն, ստաձնեց եւ երկրի վարչապետի պաշտոնը:

«Ամենակարեւոր բանը, որ պետք է այսօր անենք, մեր սահմանադրությունը փոփոխելն է: Երկրում պետք է հաստատվի կառավարման նախագահական համակարգ»,- ասաց Յըլդըրըմը:

Ներկայիս սահմանադրությամբ, Թուրքիայի նախագահին արգելվում է առնչություն ունենալ քաղաքական որեւէ կուսակցության հետ: Ամեն դեպքում, դա միայն օրենքով: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իրական ղեկավարը դե ֆակտո շարունակում է մնալ Ռեջեփ Էրդողանը, որը ցանկանում է իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել դե յուրե: Իսկ ահա փաստաթղթերով, Յըլդըրմը դարձավ երրորդ մարդը, որը ղեկավարում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Սկզբում՝ 2001 թվականին, կուսակցության ղեկավարը Թուրքիայի ներկայիս նախագահն էր, որին 2014 թվականին փոխարինեց Ահմեթ Դավութօղլուն: Վերջինը մայիսի 5-ին հայտարարեց իր հրաժարականի մասին:

Էրդողանի եւ Դավութօղլուի հարաբերությունները վերջին շրջանում բավական լարված էին, քանի որ Դավութօղլուն չէր աջակցում երկրում կառավարման նախագահական համակարգ հաստատելու ծրագրերը: Թուրքիայում վարչապետի շտապ փոփոխության պատճառները բացատրեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

«Դավութօղլուն սկսել էր հեղինակություն կուտակել: Փորձում էր ավելի ինքնուրույն արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել, հատկապես՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ինչն, իհարկե, չէր կարող աննկատ մնալ Էրդողանի կողմից, որն ամեն կերպ փորձում է իր իշխանությունը ոչ միայն պահպանել, այլեւ մեծացնել»:

Նորանշանակ վարչապետը հնազանդորեն կկատարի նախագահ Էրդողանի պահանջները. այսպես են կարծում նաեւ հենց Թուրքիայում:

«Չպետք է սպասենք, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմն ինքնուրույն էական որոշումներ կկայացնի: Մարդիկ ասում են, որ Յըլդըրըմի նշանակումից հետո, Թուրքիայում վարչապետն ավելի քիչ կարեւորություն կունենա, քանի որ նա վերածվել է նախագահի քարտուղարի»,- ասում է թուրք վերլուծաբան Մուստաֆա Աքյոլը:

Թուրքագետի դիտարկմամբ` վարչապետի փոփոխությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ լուրջ տեղաշարժեր չեն լինելու: Էական փոփոխություններ չեն սպասվում նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում:

Թուրքիայի նոր կառավարությունը ձեւավորված կլինի շատ շուտով: Նախագահ Էրդողանը նոր վարչապետին արդեն հանձնարարականը տվել է:

Ի դեպ, Բինալի Յըլդըրըմը ներքաշված է եղել կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների մեջ: Մասնավորպես, վերջին տարիներին շատ էր քննարկվում Յըլդըրըմի եղբոր եւ որդու խոշոր բիզնեսների եւ դրանցում պետական միջոցների օգտագործման հարցը:

*

*