Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

Պատմական արտահերթ ընտրություններ, որոնք կկանխորոշեն...
turqia-yntrutyunner2018b

Պատմական արտահերթ ընտրություններ, որոնք կկանխորոշեն Թուրքիայի քաղաքական ապագան. հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: Այս ընտրությունները կորոշեն՝ արդյոք 2002 թվականից Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա անփոխարինելի առաջատար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակեն մնալ քաղաքական օլիմպոսի գագաթում, թե ի վերջո երկրում վերջին տարիներին նրանց դեմ հասունացած դժգոհությունը կնյութականացվի ու քվեախցիկներում ամրագրված արդյունքներով ի վերջո կուսակցությունը ստիպված կլինի տեղը զիջել մեկ այլ քաղաքական ուժի:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ»)  կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝  «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

turqia-yntrutyunner2018ddԸնտրություններում ամենաորոշիչ դերակատարները, ակնկալվում է, որ կլինեն քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի ազգաբնակչության ավելի քան 15 տոկոսը: Եթե այս ընտրություններում քրդերն իրենց ձայնը տան ԺԴԿ-ին և վերջինս կարողանա հաղթահարել 10 տոկոսանոց ընտրական շեմը, ապա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում, որը նոր սահմանադրությամբ այսուհետ 550-ի փոխարեն ունենալու է 600 պատգամավորական մանդատ, քրդամետ կուսակցությունը կստանա առնվազն 80 պատգամավորական մանդատ: Սա թույլ կտա ԺԴԿ-ին միավորվել խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերի հետ` կազմելով մեջլիսում ընդդիմադիր մեծամասնություն: Քրդամետ կուսակցության կողմից ընտրական շեմը չհաղթահարելու պարագայում շուրջ 80 պատգամավորական մանդատ կանցնի Էրդողանի ղեկավարած կուսակցությանը, որը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փաստորեն կշարունակել երկրի միանձնյա կառավարումն ու իր համար ցանկալի բոլոր օրակարգային հարցերը կընդունի առանց որևէ խոչընդոտի:

Պատահական չէ, որ նախորդող ամիսների ընթացքում Էրդողանը ձերբակալեց ու բանտարկեց ԺԴԿ մեծ թվով պատգամավորների, քաղաքապետերի ու պարզապես կուսակցականների՝ մեղադրելով նրանց ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Կալանավորվածների շարքում է նաև կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը:

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար Էրդողանը պետք է ստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, հակառակ պարագայում հուլիսի 8-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ ստացած երկու գործիչները:

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է թեկնածուն բանտից: Դեմիրթաշը, ում իր խարիզմատիկ կերպարի ու ժողովրդայնության համար ժամանակին անվանում էին քրդերի Օբամա, նախընտրական քարոզարշավ վարեց 12 քառակուսի մետր մեծությամբ բատնախցից: Քարոզարշավի վերջին օրերին նա Էդիրնեի բանտից թուրքական հանրային հեռուստաընկերության եթերում դիմեց ժողովրդին՝ հորդորելով հունիսի 24-ի ընտրություններին քվեարկել ընդդեմ մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմի:

Արաքս Կասյան

 

 

 

 

*

*