Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը հաղթում է

Թուրքիայում հայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Թուրքիայում հայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով`ընտրություններին մասնակցել է ավելի քան 59 մլն 354 հազար քաղաքացիների 87.1 տոկոսը:

Նախագահի ընտրության քվեաթերթիկների 75,7 տոկոսի հաշվարկի արդյունքում` Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնությունը` 54,6 տոկոսը: Նրանից հետո երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոս ձայներով: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները ստացել է ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 տոկոսը:

Խորհրդարանական ընտրությունների այս պահի արդյունքները հետևյալն են. հաշվվել է քվեաթերթիկների 69,02 տոկոսը: «Ժողովրդական դաշինք»-ը, որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ստացել է 56,06 տոկոս ձայն (ԱԶԿ` 44,4 տոկոս, ԱՇԿ` 11,6 տոկոս): Ըստ ստացված տոկոսների հարաբերակցության` 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն  ստանալու է 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամավորական մանդատ:

«Ազգային դաշինք»-ը, որի կազմում են ՀԺԿ-ն, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ստացել է 32,62 տոկոս ձայն (ՀԺԿ-` 21,4 տոկոս, «Լավ» կուսակցություն` 9,7 տոկոս, «Երջանկություն» կուսակցություն` 1,4 տոկոս): Ըստ ստացված տոկոսների` ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամավորական մանդատ, «Լավ» կուսակցություն` 45: «Երջանկություն» կուսակցությունն այս պահին պատգամավորական մանդատ չունի:

Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշվարկով կարողացել է հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հավաքելով 10,04 տոկոս, ինչը նրան տալիս է 63 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը հաղթանակ է տարել արևելյան քրդաբնակ Իգդիր, Աղրը, Վան, Սիիրթ, Շըրնաք, Մարդին, Բաթման, Դիարբեքիր, Թունջելի, Մուշ, Հաքքարի նահանգներում:

Թուրքիայի ընդդիմությունը հորդորում է կողմնակիցներին ու վստահված անձանց` ոչ մի դեպքում չլքել ընտրատեղամասերը, մինչև քվեաթերթիկների հաշվարկն ու դրանց արդյունքների գրանցումը:

Այս ընտրություններն առաջինն են երկրում 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո: Ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ. նախագահն իրավունք է ստանալու նշանակելու պետական բարձրագույն պաշտոնյաների, օրինակ նախարարների ու փոխնախագահների, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից անցնում է նախագահին:

Ավելի ուշ հայտնի դարձան նախնական նոր արդյունքները։ Այսպես՝  քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:

*

*