«Թուրքիան երբեք չի փոփոխի իր հակաահաբեկչական օրենքները». Թուրքիայի վարչապետ

Օրենքների փոփոխումն Անկարային ներկայացված Եվրամիության մոտ 7 տասնյակ պահանջներից մեկն է:
Turqiayi-varchapet

Թուրքիան երբեք չի փոփոխի իր հակաահաբեկչական օրենքները՝ Եվրամիության երկրներ առանց մուտքի արտոնագրի այցելելու համար: Թուրքիայի նախագահի այս դիրքորոշումն այսօր էլ եւս մեկ անգամ հաստատել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Օրենքների փոփոխումն Անկարային ներկայացված Եվրամիության մոտ 7 տասնյակ պահանջներից մեկն է՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու համար:

Յըլդըրըմը նշել է, թե «Իսլամական պետություն» խմբավորումից եւ քուրդ զինյալներից եկող սպառնալիքի պայմաններում օրենքները փոխելու մասին խոսք գնալ չի կարող: Իսկ դրանք, իրականում, նաեւ կիրառվում են Էրդողանին քննադատողների, այդ թվում՝ լրագրողների դեմ:

Թուրքիայում երկրի իշխանությունների, մասնավորապես՝ Էրդողանի դիրքորոշումների հետ չմահաձայնվող գործիչները սովորաբար ազատվում են պաշտոնից:

Այսօր էլ հայտնի է դարձել, թե հրաժարական է տվել Թուրքիայում Եվրամիության գլխավոր բանագնաց, գերմանացի Հանսյորգ Հաբերը:

Հրաժարականի պատճառները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ Հաբերը քննադատել էր Եվրամիության հետ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում Անկարայի պահվածքը:

*

*