Թուրքիայի տնտասությունը շարունակում է անկում ապրել

2017 թվականի առաջին իսկ օրը Թուրքիային կրկին ոտքի հանեց եւս մեկ ահաբեկչություն:

Թուրքիայի տնտեսության համար 2016 թվականն անհաջող տարի էր: Հեղաշրջման ձախողված փորձից, ահաբեկչական գործողություններից հատկապես տուժեց այդ երկրի զբոսաշրջությունը: Իսկ թուրքական տնտեսության կայունությունը մեծապես կախված է ոլորտից ստացվող եկամուտներից:

2017 թվականի առաջին իսկ օրը Թուրքիային կրկին ոտքի հանեց եւս մեկ ահաբեկչություն: Ստամբուլի ամենահայտնի ակումբներից մեկում սպանվեց 39 մարդ՝ մեծամասամբ օտարերկրացներ: «Իսլամական պետության» թիրախում հայտնված ակումբի սեփականատերերը մտածում են այն փակելու ուղղությամբ:

2000-2015 թվականներին Թուրքիան զբոսաշրջիկների թվի ավելացման հարցում մեծ առաջընթաց էր գրանցել՝ 10.5-ից հասնելով 36 միլիոնի: Այս ցուցանիշով էլ աշխարհում վեցերորդ տեղն էր զբաղեցնում։ Հաջողությունների այս շարքն ընդհատվեց 2016 թվականին` ներքին անվտանգության խնդիրների պատճառով: Արդյունքում այցելուների թիվը կրճատվեց մոտ 30 տոկոսով: Տուրօպերատոր Յասեմին Փիրինչիօղլուի խոսքով, օտարերկրացի այն զբոսաշրջիկները, որոնք ավելի վաղ էլ այցելել էին Թուրքիա, շարունակում են գալ ու իրենց հանգիստն այստեղ անցկացնել: Իսկ ահա նրանք, ովքեր ծրագրում էին առաջին անգամ մեկնել Թուրքիա, արդեն հրաժարվում են այդ մտքից:

Տնտեսական անկման պատճառով էլ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, պարբերաբար հակառեկորդներ է սահմանում՝ թուլացնելով դիրքերն ամերիկյան դոլարի նկատմամբ: Թուրք փորձագետները կանխատեսում են՝ առաջիկա ամիսներին լիրան էլ ավելի կարժեզրկվի։

*

*