ՌԴ-ն եւս անհանգստացած է Սիրիայի տարածքին Թուրքիայից հասցվող ավիահարվածներից

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
lavrov-koch-amn

Մոսկվան անհանգստացած է Սիրիայի տարածքին Թուրքիայի կողմից հասցվող ավիահարվածներից: Հոկտեմբերի 21-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է այն ավիահարվածների մասին հաղորդագրություններին, որոնք Թուրքիայի ռազմաօդային ուժերը հասցնում են Սիրիայի հյուսիսային շրջաններին, մենք լսել ենք այդ հաղորդումների մասին եւ խիստ անհանգստացած ենք դրանցից: Ինչպես ես եմ հասկանում, խոսքը վերաբերում է քրդաբնակ շրջաններին»,-ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե Սիրիայի տարածքին Թուրքիայի ավիահարվածներն ինչպե՞ս կարող են ազդել Հալեպի շուրջ ստեղծված իրադրության վրա:

Լավրովի խոսքով՝ «Թուրքիան նույն այն կոալիցիայի անդամն է, որն ստեղծել է Միացյալ Նահանգները՝ հստակ հայտարարելով, որ կոալիցիան ստեղծվում է ԴԱԻՇ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ պայքարելու միակ նպատակով»:

«Ելնում եմ այն բանից, որ Միացյալ Նահանգները՝ որպես այդ կոալիցիայի տեր, հրամանատար, ամեն ինչ կանի, որպեսզի մնա հայտարարված նպատակի շրջանակներում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Այսօր Սիրիան պաշտոնապես հայտարարել է իր սահմանը հատած Թուրքական ռազմական ինքնաթիռները խոցելու մասին։

*

*