Հաքերային հարձակման հետեւանքով ադրբեջանական գազը Թուրքիայի փոխարեն հոսել է դեպի ՌԴ

Հաքերների խումբը ներխուժել է Վրաստանի տարածքով ադրբեջանական գազը Թուրքիա փոխադրող գազատարի էլեկտրոնային համակարգ...
haker

artsakhpress.am — Հաքերների խումբը ներխուժել է Վրաստանի տարածքով ադրբեջանական գազը Թուրքիա փոխադրող գազատարի էլեկտրոնային համակարգ եւ փոխել «երկնագույն վառելիքի» հոսքի ուղղությունը դեպի Ռուսաստան:

Այս մասին «Պրավո» հրատարակությանը հայտնել է Չեխիայի Հանրապետության կիբերանվտանգության հայեցակարգի հեղինակ Ալես Շպիդլան` չնշելով, թե ե՞րբ է դա տեղի ունեցել:

Նրա խոսքով` համակարգի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է եղել երկու շաբաթ:

Շպիդլան նշել է, որ այլ երկրների գաղտնի փաստաթղթերը ձեռք բերելու համար գերտերությունները մասշտաբային կիբերգրոհներ են կազմակերպում եւ միաժամանակ հետազոտում հաքերային գրոհների միջոցով այդ պետություններում քաոս ստեղծելու հնարավորությունները:

Որպես օրինակ նա նշում է Չինաստանը, որի մասնագիտացած կիբերբանակը 50 հազարից ավելի մարդ ունի: Շպիդլան նաեւ հայտարարել է, որ մասշտաբային կիբեռգրոհների կազմակերպմամբ զբաղվում է նաեւ Ռուսաստանը՝ նշելով, որ դրա համար Վորոնեժում գործում է 12 հազար անձնակազմով մասնագիտացած կենտրոն:

Նրա խոսքով` կիբերգրոհների միջոցով կարելի է կաթվածահար անել պետական ինստիտուտների աշխատանքը, ինչի համար բավական է, օրինակ, արգելափակել դրամական փոխանցումների համակարգը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դա Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հաքերային գրոհների առաջին դեպքը չէ: Վերջերս պարզվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարում պայթյունը, որը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսին Վրաստանում ռուսաստանյան ռազմական միջամատության նախօրյակին, կատարվել էր հաքերային գրոհի միջոցով:

*

*